Բաղրամյան պողոտայում որևէ լուրջ գործընթաց չի կարող հասունանալ. ԲՀԿ նախագահ
Բաղրամյան պողոտայում այս պահին տարբեր շահեր սպասարկող, տարբեր խմբավորումներ են, որոնք չունեն միասնական ձևակերպված օրակարգ, և դա է նրանց թույլ օղակը: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զորաբյանը՝ ընդգծելով, որ «այդ խմբավորումները» որևէ մեկ միասնական շահ չեն սպասարկում:
«Ձևակերպումը, թե խնդիրները չպետք է քաղաքականացնել, ես գրագետ ձևակերպում չեմ համարում, որովհետև բոլոր խնդիրները, այդ թվում նաև սոցիալական, լուծում կարող են ստանալ միայն մեկ դաշտում` քաղաքական: Չեմ պատկերացնում, որ սոցիալական խնդիրները, ասենք, երգի-պարի անսամբլում պետք է լուծում ստանան, բայց որ որևէ քաղաքական ուժ այնտեղ դոմինանտ չէ այս պահին, միանշանակ է»,-հավելեց պատգամավորը:
Այն, որ միասնական շահ չկա պողոտայում և ավելին, շատ դեպքերում նաև հակասական շահեր են, ըստ Զոհրաբյանի, կարող է հանգեցնել քաոսային իրավիճակի:
«Արդեն վերջին օրերին նկատելի է այդ իրավիճակը: Ոստիկանությունը, ինչպես տեսնում ենք, ընտրել է ուժ չկիրառելու մարտավարություն, թույլ տալով, որ շարժումը, որն ըստ էության, չունի միասնական օրակարգ և առաջնորդ, իսկ նման շարժումները շատ հեշտ է մաշեցնել, տանում են շարժումը հենց դրան`մաշեցնելու»,- նկատեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ երբ ԲՀԿ-ն ժամանակին ասում էր, որ սոցիալական բոլոր հարցերը պետք է լուծել քաղաքական դաշտում և թույլ չտալ, որ սոցիալական հարցերը դուրս գան քաղաքական օրակարգից, որովհետև երբ դրանք դուրս են գալիս քաղօրակարգից, իսկ այնուհետ որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում, այլ հայտնվում են բազմաթիվ պատասխանատուներ` իրար հակասող բազմաթիվ շահերով, մենք ունենում ենք քաոսային իրավիճակ:
Ինչ վերաբերում է հարցին, թե որքան կարող է շարունակվել նման իրավիճակը, Զոհրաբյանը նկատեց. «Ես կդժվարանամ կանխատեսումներ անել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, բայց դատելով ընդհանուր գործընթացից` վստահ եմ, որ ոստիկանները կշարունակեն իրենց այդ ուժ չկիրառելու մարտավարությունը, իսկ քանի որ ցուցարարները չունեն միասնական օրակարգ, հստակ ձևակերպված պահանջներ և իրենց պահանջները հակասում են միմյանց չեմ կարծում, որ այդտեղ որևէ լուրջ գործընթաց կարող է հասունանալ»:
Պատգամավորի կարծիքով, եթե ցուցարարները կարողանան ձևակերպել միասնական օրակարգ և կարողանան ունենալ միասնական ղեկավարվող մարմին, նույնիսկ տարբեր կազմակերպություններից կազմված, միգուցե շարժումն ունենա հաջողություն:
«Ես ցավում եմ, որ իսկապես ազնիվ մղումներով, իսկապես սոցիալական արդար պահանջի վրա ձևավորված երիտասարդների շարժումը պառակտվեց կամ կարողացան հասնել նրան, որ այն պառակտվի»,- եզրափակեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան