ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Պուտինին` Պերմյակովի գործը հայկական արդարադատությանը հանձնելու համար
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Մոսկվայում ՌԴ Նախագահի հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Պերմյակովի քրեական գործը հայկական արդարադատությանը հանձնելու համար:
«Փոխադարձաբար շնորհակալություն հայտնելով ՌԴ Նախագահին հանդիպման հրավերի համար՝ Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ, իրականում, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած և մշտապես հարստացվում է նոր նախաձեռնություններով:
«Մեր պարբերական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել նախկին պայմանավորվածությունները և արձագանքել ծագած հարցերին: Վերջին անգամ մենք Ձեզ հետ մանրամասն քննարկեցինք մեր օրակարգը Երևանում, երբ Դուք մասնակցում էիք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և կարծիքներ փոխանակեցինք Մոսկվայում՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ և, իհարկե՝ Ուֆայում: Այդ ժամանակահատվածում Հայաստանի համար մի շարք կարևոր հարցեր են լուծվել, և միանգամից ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Պերմյակովի քրեական գործը հայկական արդարադատությանը հանձնելու համար: Շատ շնորհակալ եմ Ձեզ»,-երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ,- ասել է ՀՀ նախագահը:
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք էր առաջադրվել նաև ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ սպանություն և դասալքություն:
Օգոստոսի 12-ին Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայում գործող 5-րդ կայազորային ռազմական դատարանի կայացրած դատավճռի համաձայն, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկում՝ խիստ ռեժիմով: Պատժի ժամկետը հաշվարկվում է 2015-ի հունվարի 13-ից: Մասնավորապես, դասալքության համար Պերմյակովը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, զենք հափշտակելու համար՝ 7 տարվա ազատազրկման՝ առանց տուգանքի, իսկ ապօրինի զենք կրելու համար 2 տարվա ազատազրկման: Համադրելով տարբեր հոդվածներով նշանակված պատիժները դատարանը նշանակեց ընդհանուր 10 տարի ազատազրկում՝ խիստ ռեժիմով:
Նախորդող հրապարակումներ`
Սերժ Սարգսյանը սահմանի լարվածության մասին մանրամասն կխոսի Դուշամբեում
Կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները