Արցախի իշխանությունները չեն շտապում պատասխանել հակահայկական զեկույցի հեղինակ Ուոլթերին
Արցախի իշխանությունները չեն շտապում պատասխանել ԵԽԽՎ-ում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցի հեղինակ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի գրությանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավոր, հակահայկական «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» վերնագրով զեկույցի հեղինակ, Ռոբերտ Ուոլթերը նամակ է հղել ԼՂՀ իշխանություններին, որում Արցախ այցելելու թույլտվություն է խնդրել: Նա նկատել է, որ Ստեփանակերտ այցելությունը միտված է ավարտին հասցնել ձեռնարկած զեկույցը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը վերահաստատեց Ուոլթերի զեկույցի վերաբերյալ ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը` «Զեկույցը պետք է լինի անաչառ, օբյեկտիվ և ոչ թե պատվերի շրջանակում կատարված հետազոտություն»:
Ինչ վերաբերում է բրիտանացի պատգամավորի գրությանը պատասխանելուն և նրանց Արցախ հրավիրելուն, պարոն Բաբայանը արձագանքեց. «Մենք բազմիցս ասել ենք ու մեսիջներ ուղարկել ենք, թե երբ կարող է դա ստացվել: Եթե չկա որևէ արձագանք, չկա ոչ մի փոփոխություն, ինչի մասին է խոսքը: Կարծում եմ ամեն ինչ պարզ է: Մի լավ խոսք կա` «Թամամ խոսքը ասում են…»»:
Բաբայանը ընդգծեց, որ Արցախի իշխանությունները շահագրգռված են, որ ցանկցացած նման փաստաթուղթ լինի օբյեկտիվ ու արտացոլի իրականությունը: «Մեզ համար անընդունելի են այնպիսի փաստաթղթեր, որոնք պատվիրված են ու դրանից խավյարի հոտ գա: Մենք չենք ուզում նման բան», -հավելեց Արցախի նախագահի խոսնակը:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Հերմինե Նաղդալյան. ԼՂ հարցով ԵԽԽՎ զեկուցողը ձգտում էր շրջանցել ԼՂ իշխանություններին
Հակահայկական զեկույցի հեղինակ Ուոլթերը ԼՂՀ իշխանություններից Արցախ այցելելու թույլտվություն է խնդրել
Ուոլթերը պահպանել է զեկույցի վերնագիրը ու ստացել իր «չայեվոյները». Դավիթ Բաբայան