Համոզված եմ, որ 1 տարի հետո կփարատվեն հանրապետության 2-րդ նախագահի մտահոգությունները. Բաղդասարյան
Յուրաքանչյուր քաղաքացի և առավել ևս ճանաչված քաղաքական գործիչ իրավունք ունի տալ իր գնահատականները, ներկայացնել դատողությունները, իսկ մենք էլ իրավունք ունենք համաձայնել կամ չհամաձայնել: Այս մասին այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով այսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ:
Անդրադառնալով Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությանը, որով նա չէր բացառել առաջնորդի կարգավիճակով Քոչարյանի առաջադրումը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, Բաղդասարյանն ասաց. «Այս սահմանադրական փոփոխությունները ակտիվ քաղաքական դաշտ վերադառնալու լայն հնարավորություններ են տալիս մասնակցել խորհրդարանական ընտրություններին»:
Բաղդասարյանի խոսքով, կիսանախագահական համակարգի պարագայում մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչն ընտրվում է նախագահ, իսկ մյուս քաղաքական ուժերը անելիք չեն ունենում ու նրանց դադարը շարունակվում է հինգ տարի: Սակայն, Սահմանադրության փոփոխությունների նախագծով լայն հնարավորություններ են տրվում քաղաքական ուժերին, ու նրանք մրցակցային պայմաններում կարող են մասնակցել երկրի զարգացման գործընթացին:
«Ռոբերտ Քոչարյանը գուցե ունի մտավախություններ, բայց ես համոզված եմ, որ մեկ տարի հետո կփարատվեն հանրապետության երկրորդ նախագահի մտահոգությունները, եթե ժողովուրդը հանրաքվեի ժամանակ հավանության արժանացնի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը», -հավելեց Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը