Հյուսիսային պողոտայի տևական վերանորոգումը չի խթանում զբոսաշրջութունը
Երևանի քաղաքապետարանից այսօր տեղեկացրել են, որ Հյուսիսային պողոտայի վերանորոգումը, որն իր տևականությամբ վաղուց արդեն դժգոհություն է առաջացնում բնակիչների շրջանում, կավարտվի օգոստոսի վերջին:
Հյուսիսային պողոտայի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2013 թ.-ի հոկտեմբերի վերջին: Երևանի քաղաքապետարանը մայիսին տեղեկացրել էր, որ աշխատանքների ավարտը նախանշված է օգոստոս ամսին: 2013 թ.-ի նոյեմբերին, վերակառուցման աշխատանքների գլխավոր ճարտարագետը նշել էր, որ աշխատանքների ավարտը նախատեսվում է 2014 թ.-ի աշնանը: Ավելի ուշ, մամուլում տեղեկություններ էին հայտնվել նաև այն մասին, որ պողոտայի վերանորոգումը պետք է ավարտվի 2014 թ.-ի մարտի 4-ին:
Նշյալ ժամկետներից մեկը վաղուց արդեն անցել է, իսկ այսօրվա հայտարարությունից ստացվում է, որ Հյուսիսային պողոտան շահագործման կհանձնվի զբոսաշրջության ակտիվ սեզոնի ավարտից հետո: Այստեղ պետք է կարևոր հարցադրում կատարել. «Իսկ ո՞րն է Հյուսիսային պողոտայի նպատակը»:
Հյուսիսային պողոտայի տարածքը ճանաչվել է որպես պետական գերակա շահ, պողոտայի կառուցապատումը տևել է 6 տարի, առայսօր մնացել են բազմաթիվ դժգոհ քաղաքացիներ` տարածքի նախկին բնակիչներ, իսկ պողոտայի կառուցման գերնպատակը եղել է զբոսաշրջության զարգացմանը նպաստելը: Զբոսաշրջության զարգացումը նաև այսօրվա մեր կառավարության առաջնահերթություններից մեկն է, որի նպատակը պետական բյուջեն համալրելն է: Թույլ տվեք նկատել, որ, նման հանգամանքներում, Երևանի կարևորագույն այցեքարտերից մեկի` մոտ մեկ տարի «զբաղեցումը» մեծ շռայլություն է պետության համար:
Հյուսիսային պողոտայի վերանորոգման աշխատանքների օրինակով` ստացվում է, որ քաղաքապետարանը կամ տեղյակ չէ կառավարության առաջնահերթություններին կամ էլ չի կարողանում իր լծակներն այնպես օգտագործել, որ ծառայեն պետական շահերին: Երկու դեպքում էլ գործ ունենք անարդյունավետ կառավարման հետ:
Հյուսիսային պողոտայի վերանորոգումը, իհարկե, կարևոր խնդիր է: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ շահագործման հանձնումից կարճ ժամանակ անց հատակը սկսել էր քայքայվել և անհանգստություն պատճառել քաղաքացիներին: Սակայն, զբոսաշրջության սեզոնին չվնասելու համար, վերականգնողական աշխատանքները կարող էին սկսել ոչ թե հոկտեմբերի վերջին, այլ, օրինակ` սեպտեմբերի սկզբին: Աշխատանքների արդյունավետ կազմակերպման և քաղաքապետարանի մշտական ուշադրության դեպքում` վերականգումը կարելի էր ավարտել խելամիտ ժամկետներում` գարնան վերջին, և պողոտան հանձնել շահագործման:
Այդ դեպքում, ամռան ամիսներին Երևանի քաղաքացիները և զբոսաշրջիկները կկարողանային զբոսնել պողոտայով, հանգիստ օգտվել խանութներից և զվարճանքի վայրերից, որն էլ իր հերթին կնպաստեր պետության համեստ բյուջեի որոշ չափով համալրմանը:
Տիրան Խաչատրյան, վերլուծաբան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան