«Օգնել կարող ենք ամենքս». Վանաձորցի բազմանդամ ընտանիքն այլևս քաղցած ու առանց հագուստի չէ
Panorama.am-ը օրեր առաջ հրապարակել էր Lorinews.com Լոռու մարզային լրատվական կայքի «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության առաջին թողարկումը: Վանաձորցի Ավետիսյանների 5 անչափահաս երեխաները մատնված էին սովամահության:
Այսօր արդեն նույն կայքն ավետում է, որ ընտանիքին են հանձնել հավաքված գումարը, հագուստն ու սնունդը:
Այսօր նրանք լրագրողների, սոցիալական ծառայության աշխատակիցների հետ միասին այցելել են Վանաձոր քաղաքի Բուլղարական տնակային ավանում բնակվող Ավետիսյանների բազմանդամ ընտանիքին:
Հայաստանի ու նրա սահմաններից դուրս բնակվող անհատների ու խմբերի շնորհիվ ընտանիքին տրամադրվեց ձմեռային տաք հագուստ, երեխաներին խաղալիքներ, սնունդ, մանկական կերեր, նորածնային պարագաներ ու տակդիրներ, լվացքի մեքենա՝ անհրաժեշտ պարագաներով, գրենական պիտույքներ, ինչպես նաև վառելափայտ:
«Տրամադրված օգնությունը թերևս մի մասն է. բացի մեր թիմի կողմից հանձնված օգնութունից, մի շարք քաղաքացիներ իրենք են առձեռն դրամական օժանդակություն ցուցաբերել՝ ավելի քան 150 հազար դրամի չափով՝ կրկին հագուստի, սննդի ու առաջնային անհրաժեշտություն ունեցող պարագաների հետ միասին»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության կողմից այս ընտանիքին ևս տրամադրվել է որոշակի օժանդակություն՝ սննդի և հագուստի տեսքով: «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության միջոցով ու բարի մարդկանց աջակցությամբ Ավետիսյանները ձմռան այս ամիսները կանցկացնեն բարեկեցիկ կյանքով ու տաք հագուստով: Ծրագիրը հույս ունի, որ այս ընթացքում նման դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքը կփորձի ճիշտ տնօրինել ցուցաբերված օգնությունն ու ծառայեցնել նպատակին: Ավետիսյանները իրենց շնորհակալությունն են հայտնում բոլոր բարի մարդկանց ու կազմակերպություններին ՝ ցուցաբերված աջակցության համար: «Lorinews.com» մարզային լրատվական կայքը «Օգնել կարող ենք ամենքս» ծրագրի միջոցով շարունակելու է վեր հանել սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների պատմություններն ու փորձելու է նրանց համար ստեղծել քիչ թե շատ բարեկեցիկ կյանք՝ մեր բոլորիս միջոցով: Ցուցաբերված օգնության մասին պատմող տեսանյութը՝ առաջիկայում: Հիշենք՝ օգնել կարող ենք ամենքս…
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան