Սյունիքի արոտավայրերը «կարժանանան» իրանականի ճակատագրին. Մտահոգված է իրանահայ անասնաբույժը
Վարված սխալ քաղաքականության հետևանքով Իրանը կորցնում է իր արոտավայրերը: Նույն վտանգը սպառնում է նաև Սյունիքի այն հողերին, որոնք պետք է վարձակալությամբ տրվեն Իրանին: Ասուլիսում իր մտահոգությունը բարձրաձայնեց իրնաահայ ակտիվիստ, անասնաբույժ Սարմեն Շահիջանյանը: Նրա խոսքով, Իրանի 60 տոկոսը անապատ է, կլիման այնտեղ չոր է, անտառները քիչ են, ունենալով մեծ քանակությամբ անասուններ, ու մասնավորապես ոչխար, չունեն անհրաժեշտ ծավալի արոտավայրեր, այդ պատճառով էլ դիմել են Սյունիքի մարզին: «Մենք Սյունիքի 11 տոկոսը տալիս են թրքախոս քոչվոր ցեղերին»,- վրդովված շեշտեց Ս. Շահիջանյանը` միաժամանակ կարծիք հայտնելով, որ 10 տարի անց նրանք այլևս չեն հեռանա այդ տարածքից:
Հիշեցնենք, որ ստորագրվել է «Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև», այնուհետև նաև «Համաձայնագիր», ըստ որի՝
1.Իրանական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել անասուններ փոխադրել Սյունիք մարզ և արոտացնել և իր պետք եղած արոտավայրը ամենապակաս 50 000 հեկտար է:
2. …Ժամանակը … ամենապակաս 10 տարի է եւ ամեն պետք եղած տարածքը բնակվող մարդկանց համար, որոնք կատարելու են փոխադրման ընթացքը, 2000 հեկտար է;
3. Հայաստանի կողմի առաջարկության համար արոտավայրերը այցելելու համար իրանական կողմի համաձայնությամբ այցելության ժամանակը նշանակվեց առաջիկա գարնանը:
4. Հայաստանի հետազոտությունների կենտրոնը վերահասու է լինելու բոլոր անասնաբուժական խնդիրներին
5. Արոտավայրերի վարձի վերաբերյալ Հայաստանի կողմը առաջարկեց 25 դոլար ամեն մեկ հեկտարի համար… սկզբնական տարիներում վճարվելու է առաջարկված գումարից ավելի քիչ եւ մյուս տարիների ընթացքին վարձն ավելանալու է աստիճանաբար:
6. Հայաստանի կողմը վարձու ժամանակը հայտնեց 5 տարի, և ընդունվեց, որ մյուս տարիներում պայմանագիրը նորոգվի մինչև10 տարի:
7. Հայաստանի կողմը ընդունեց Հայաստանի կաթնամթերքը համաձայնության պարագային արտադրվի Իրան (Իրանական ընկերության միջոցով): Համաձայնվեց նաև հիմնել մի ընկերություն Հայաստանի և Իրանի միջոցով»:
Բուսաբան, գիտ. թեկնածու Կարեն Աֆրիկյանն էլ արոտավայրերը վարձակալության հանձնելը համարում է մոլորություն: «Դա համաժողովրդական շահից չի բխում, եթե բխեր, հաշվի կնստեին և համայնքի անդամների հետ, և ժողովրդի հետ»,- կարծում է նա:
Մասնագետի դիտարկմամբ, եթե հիմնականում այդ արոտավայրերում ոչխար արածացնեն, դա ավելի բացասական հետևանքներ կունենա, քանի որ արոտավայրերի որակն այդ դեպքում ավելի է ընկնում, հետագայում հնարավոր չի լինում վերականգնել: «Տասը տարի անց նրանք մեզ այդ արոտավայրերը լավ վիճակով չեն վերադարձնի»,- համոզված է Կ. Աֆրիկյանը` ընդգծելով, որ արոտավայրերը բացի գյուղատնտեսական նշանակությունից, ունեն բնապահպանական նշանակություն: Արոտավայրերը լինում են երեք տեսակի` երիտասարդ, հասուն, ծեր: Նա կարծում է, որ մեր գյուղացիներին բաժին կհասնի հենց ծեր արոտավայրերը, իսկ լավերը կհանձնեն իրանցիների:
Ակտիվիստ Վազգեն Գալստյանն էլ այլ մտահոգություն հայտնեց. Ազգային անվտանգության տեսանկյունից մեծ հարցերի տեղիք կարող է տալ, ռազմական որոշակի տվյալներ հնարավոր է փոխանցվեն համապատասխան մարմիններին:
Նախորդող նորություններ` Հայկական կողմը չգիտի՞ ինչ անի
Սյունիքի արոտավայրերը` Իրանին. Ինչքա՞ն տարածքի, ի՞նչ գնի ու ժամկետի մասին է խոսքը