Սինգապուրում մեկ շաբաթյա սուգ է հայտարարվել
Սինգապուրում հայտարարվել է մեկշաբաթյա համազգային սուգ երկրի առաջին վարչապետի՝ Լի Կուան Յուի մահվան կապակցությամբ: Նա համարվում է այսպես կոչված սինգապուրյան տնտեսական հրաշքի հիմնադիրը: Սուգը հայտարարվել է նրա վարչապետ որդու որոշմամբ: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, փաստաթղթի տեքստը նա հրապարակել է ֆեյսբուքյան էջում:
Համազգային սուգը կտևի մարտի 23-29-ը: Այս ընթացքում կառավարական բոլոր շենքերի վրայից կիջեցվեն պետական դրոշները: Մարտի 25-ին նախկին վարչապետի դին կտեղափոխվի երկրի խորհրդարանի շենք, որտեղ քաղաքացիները կարող են հրաժեշտ տալ նրան: Հուղարկավորությունը մարտի 29-ին է:
Սինգապուրի վարչապետի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Չինաստանի իշխանությունները, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նրան անվանել է պատմության գիգանտ: 91-ամյա քաղաքական գործիչը մահացել է հիվանդանոցում:
Նա կառավարության ղեկավար է եղել 1959-1990 թվականներին: Նրա վարչապետության օրոք Սինգապուրը դարձել է Հարավ արևելյան Ասիայի ֆինանսական կենտրոն, վարչապետին դա հաջողվել է օտարերկրյա ներդրումների, բարձր տեխնոլոգիաների զարգացման, կոռուպցիայի ու մաֆիաների դեմ պայքարի, քաղաքացիների կրթության գործում կատարած ներդրումների շնորհիվ: