Փոլ Սոնդերս. ԱՄՆ մի շարք նահանգներում հայազգի ընտրողները ընտրազանգվածի կարևոր մաս են
Հայոց ցեղասպանության թեման մշտապես արծարծվում է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավում, նախևառաջ այն պատճառով, որ մի շարք նահանգներում հայազգի ընտրողները ընտրազանգվածի կարևոր մաս են: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱՄՆ Ազգային շահերի կենտրոնի տնօրեն Փոլ Սոնդերսը:
Բանախոսի խոսքերով, սակայն, խոստումներ շռայլելու և հետագայում դրանք չկատարելու ԱՄՆ քաղաքական գործիչների կողմից բանեցվող պրակտիկան չի վերաբերում միայն ամերիկահայությանը առնչվող հարցերին:
«Քաղաքական գործիչները, բնականաբար, ասում են ամեն ինչ, ինչը կարող է նպաստել ընտրողների կողմից աջակցություն ստանալուն: Այնուամենայնիվ, նույն բանը տեղի է ունենում նաև իսպանալեզու ընտրողների պարագայում, որոնք պարբերաբար ստիպված են լինում լսել միգրացիոն բարեփոխումների վերաբերյալ խոստումներ: Նույն բանը տեղի է ունենում նաև այլ էթնիկ և սոցիալական խմբերի պարագայում: Երբեմն այդ խոստումներն իրոք անկեղծ են, սակայն միևնույն ժամանակ, միամիտ, քանի որ հաշվի չեն առնում քաղաքական իրողությունները»,- նշել է փորձագետը՝ հավելելով, որ արդյունքում դրանց մեծամասնությունը կամ դժվար իրագործելի է, կամ ընդհանրապես ենթակա չէ կյանքի կոչման:
Ըստ փորձագետի Հայոց ցեղասպանության հարցը երբեք չի եղել ԱՄՆ համազգային քաղաքական հարց:
«Չեմ կարծում, որ այս իրավիճակը փոփոխություն կկրի, թեկնածուները կարող են դիմել հայ համայնքին, սակայն դա դժվար թե ինչ-որ էական ազդեցություն ունենա ընտրությունների արդյունքների վրա»,- եզրափակել է Փոլ Սանդերսը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան