Չինաստանը ընդլայնում է տնտեսական ներկայությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
Չինաստանի առևտրի նախարար Գաո Խուչենը այսօր հայտարարել է, որ Չինաստանը և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրները ընդլայնելու են առևտրա-տնտեսական համագործակցությունը և կխրախուսեն ներդրումները:
Այսօր Չինաստանի Նինբո քաղաքում տեղի է ունենում Չինաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների առևտրի և էկոնոմիկայի նախարարների հանդիպումը, որին մասնակցում է եվրոպական 16 երկրի պաշտոնական ներկայացուցիչ:
Գ.Խուչենը նշել է, որ Պեկինը աջակցելու է չինական ընկերությունների ներդրումներին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում ու կակտիվացնի կապերը գիտա-տեխնիկական, բնապահպանական, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:
2013թ.-ին Բուխարեստում տեղի է ունեցել «Չինաստան-Կենտրոնական ու Արևելյան Եվրոպա» գագաթաժողովը, որին չինական կողմը ներկայացնում էր Չինաստանի կառավարության ղեկավար Լի Կեցյանը:
Գագաթաժողովի ընթացքում կողմերը պայմանավորվել են ակտիվացնել տնտեսական կապերը:Պեկինը նպատակ ունի կրկնապատկել եվրոպական 16 երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալը:
Եթե 2001թ.-ին Չինաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմում էր 4.3 միլիարդ դոլար, ապա 10 տարի անց այն կազմել է 52.9 միլիարդ դոլար: Ներդրումների ծավալը նախորդ տարի կազմել է 800 միլիոն դոլար:
Բուխարեստում կայացած գագաթաժողովի ընթացքում Լի Կեցյանը խոստացել էր 10 միլիարդ դոլար ներդնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում: Չինաստանը Եվրոպայի այդ մասում մասնակցելու է ջերմա և հիդրոէլեկտրակայանների, ավտոճանապարհների և այլ ենթակառուցվածքների շինարարությանը: Ռումինիայում, Հունգարիայում և Սերբիայում Չինաստանը մասնակցելու է երկաթգծերի շինարարությանը:
Չինաստանը ակտիվ ներդրումներ է կատարում նաև տնտեսական բարդ իրավիճակում գտնվող Հունաստանում: Պեկինը Հունաստանին տրամադրել է 5 միլիարդ դոլարի վարկ՝առևտրային նավատորմի արդիականացման և Չինաստանում 162 նավ գնելու համար: Չինական կողմը նաև աջակցել է Հունաստանի Պիրեյ նավահանգստի և Աթենքի միջազգային օդանավակայանի վերակառուցմանը:
Պեկինի համար ԵՄ-ի երկրների հետ տնտեսական հարաբերությունների խորացումը մնում է արտաքին քաղաքական գերակայություններից մեկը և այդ ուղղությամբ Չինաստանը ակտիվ քայլեր է ձեռնարկում:
Այս տարվա ապրիլին Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը Բրյուսել կատարած այցի ընթացքում Չինաստան-ԵՄ գագաթաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի խոսնակ Մարտին Շուլցի, Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի հետ:
Չինաստանի առաջնորդի և եվրոպական պաշտոնյաների հանդիպումը անցել է փակ դռների հետևում: Կողմերը պայմանավորվել են հանդես չգալ համատեղ մամուլի ասուլիսով, իսկ արդյունքների մասին հայտնել գրավոր հաղորդագրության միջոցով:
ԵՄ-Չինաստան գագաթաժողովի և բարձրագույն մակարդակով կայացած հանդիպման արդյունքներով հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ-ը և Չինաստանը աշխատելու են երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ, այդ թվում տնտեսական ոլորտում:
Նախորդ տարվա տվյալների համաձայն, Չինաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 4.16 տրիլիոն դոլարի: Չինաստանի գլխավոր առևտրային գործընկերներն են ԱՄՆ-ը և ԵՄ-ը: Նախորդ տարվա ընթացքում Չինաստանի և ԵՄ-ի ապրանքաշրջանառությունը ավելացել է 2.1%-ով և հասել է ավելի քան 559 միլիարդ դոլարի: Չինաստանի արտահանումը դեպի ԵՄ-ը և ԱՄՆ-ը գերազանցում է ներկրումը: 2013թ.-ին ԵՄ-ը Չինաստանից գնել է 339 միլիարդ դոլարի ապրանք, իսկ վաճառել՝ 220 միլիարդ դոլարի ապրանք:
Արտյոմ Բալասանով
Նախորդող հրապարակումներ՝
Սի Ձինպինի պատմական այցը Եվրոպա նոր էջ է բացում Չինաստան-ԵՄ ռազմավարական հարաբերություններում