«Ոսկե ծիրան». Լավ կլինի «Գրատախտակ» ֆիլմը նայեն նաև կրթության ոլորտի պատասխանատուները
«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային փառատոնի մրցութային ծրագրում ներկայացվելու է ընդհանուր առմամբ 70 ֆիլմ, այդ թվում՝ 10-ը միջազգային խաղարկային, 12-ը՝ միջազգային վավերագրական, 18-ը՝ հայկական համայնապատկեր, 30 ը՝ «Կորիզ» անվանակարգերում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:
Նա նշեց, որ միջազգային խաղարկային ֆիլմերի անվանակարգում ընդգրկված են ինչպես սկսնակ ռեժիսորների, այնպես էլ տարբեր փառատոներում մրցանակների արժանացած ֆիլմեր:
«Հետաքրքիր ծրագիր է հավաքվել, որը եթե ընդհանուր մի հայտարարի բերենք, կարելի է ասել բարոյական ճգնաժամի մասին են ֆիլմերը: Տարբեր երկրներից ներկայացված ֆիլմերը ներկայացնում են նույն մտահոգությունները»,-ասաց Մ. Ստամբոլցյանը:
Միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահն է իտալացի կինոքննադատ, պրոդյուսեր Մարկո Մյուլերը:
«Փառատոնային աշխարհում ամենաճանաչված դեմքերից մեկն է»,- ասաց նա:
«Ոսկե ծիրան» փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանի տեղեկացմամբ, 700 ֆիլմից միջազգային վավերագրական մրցույթի համար ընտրել է 12 ֆիլմ:
«Եթե նախորդ տարիներին ասում էի, որ ֆիլմերն ունեին թեմատիկ ընդհանրություն, այս տարի ներկայացված ֆիլմերը բավականին տարբեր են»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ կցանկանար, որ, օրինակ, «Գրատախտակ» ֆիլմը Հայաստանի կրթության ոլորտի հետ կապված մարդիկ անպայման դիտեն:
Միջազգային վավերագրական մրցույթի ժյուրին ղեկավարելու է իտալացի ռեժիսոր Երվանդ Ջանիկյանը: Փառատոնի ընթացքում կայանալու է նաև Ե. Ջանիկյանի «Բարբարոսների երկիր» ֆիլմի պրեմիերան:
Փառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրի համադրող Րաֆֆի Մովսիսյանն ասաց, որ Հայկական համայնապատկեր մրցութային անվանակարգում ընդունված 120 ֆիլմից ընտրել է 18 ֆիլմ. «Ներկայացվող ֆիլմերի մեծ մասը հայկական արտադրության են: Հայկական ֆիլմերն իրենց որակով ավելին էին, քան դրսում նկարահանված մի շարք ֆիլմեր»:
Նա նշեց, որ ֆիլմերը շատ տարբեր են:
Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրին ղեկավարելու է ֆրանսիացի կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարին: Կազմում ընդգրկված են նաև Մարատ Սարգսյանը (կինոռեժիսոր, Լիտվա), Մարիա Սահակյանը (կինոռեժիսոր, Հայաստան), Կարեն Արիկյանը (պրոդյուսեր, ԱՄՆ), Գեորգի Գոգիբերիձեն (կինոռեժիսոր, Վրաստան)
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին ղեկավարելու է կինոգետ Էրեզ Փերին (Իսրայել):
«Ֆիպրեսի» ժյուրիի կազմում ընդգրկված են կինոքննադատներ Վիկտոր Մատիցենը ՌԴ-ից և Պաուլո Պորտուգալը Պորտուգալիայից:
«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային փառատոնն անցկացվելու է հուլիսի 13-20-ը: Փառատոնն այս տարի նվիրվում է Սերգեյ Փարաջանովի հիշատակին՝ ի պատիվ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանին: Փառատոնը բացվելու է հենց Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով՝ վերականգնված տարբերակով, որը ցուցադրվել է Կանի վերջին փառատոնում:
Նախորդող հրապարակումներ՝
«Ոսկե ծիրան» 11-րդ փառատոն. Սպասված, սիրված ու կինոքարտեզի վրա հաստատված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին