«Հարսնաքար»-ի գործով մեղադրվողներից որևէ մեկի մեղադրանքը դեռ չի փոխվել

10:49 30/06/2012 » Իրավունք

«Հարսնաքար»-ի գործով մեղադրվողներից որևէ մեկի մեղադրանքը դեռ չի փոխվել

«Հրասնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ պատասխանելով առաջադրված մեղադրանքի փոփոխության մասին հարցին:

Հիշեցնենք՝ այս գործի շրջանակներում կալանավորվել են ռեստորանի 6 աշխատակիցներ համալիրի անվտանգության աշխատակիցներ Արթուր Բաբլոյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, մատուցող Դավիթ Ադամյանը և Նորայր Հայրապետյանը: Նրանք բոլորը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված արարք կատարելու մեջ՝ մի խումբ անձանց կողմից կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ պատճառելու համար:

«Շարունակվում է քննչական գործողությունների կատարումը, արդյունքում ձեռք կբերվի լրացուցիչ ապացույցների համակցություն, և այդ համակցության պայմաններում կանդրադառնանք մեղադրյալների արարքի իրավական գնահատականին»,-փոխանցեցին ոստիկանությունից:

Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող գործի շրջանակներում ստեղծվել է քննչական խումբ, որն արդեն իրականացրել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել հագուստներ, հարցաքննվել բազմաթիվ վկաներ:

Նախաքննությանը հայտնի էր դարձել հետևյալը. մի խումբ ընկերներ, նրանցից մեկի ծննդյան տոնը նշելու համար, հունիսի 17-ի երեկոյան այցելում են Երևանի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մարզահագուստով լինելու պատճառով վեճ է ծագում նրանցից մեկի և համալիրի մատուցողի միջև:

Վիճողները դուրս են գալիս բակ, որտեղ մոտենում են նաև այցելուի ընկերներն ու ռեստորանային համալիրի աշխատողները: Նրանց ներկայությամբ մատուցողը բռունցքով հարվածում է այցելուին: Սրանից րոպեներ անց անվտանգության աշխատողներն ու այլոք ծեծի են ենթարկում այցելուներին: Տուժածներին ընկերները տեղափոխում են ՊՆ Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ:

Տուժածների թվում էր նաև ՊՆ բուժծառայության մայոր, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի ղեկավար Վահե Ավետյանը, որը վերակենդանացման բաժանմունքում 13 օր ծայրահեղ ծանր վիճակում էր և մահացավ նախօրեին ժամը 18:30-ի սահմաններում:

Ֆեյսբուքյան «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր պատասխանատուներին» անվանումով խմբի անդամներն էլ (2000-ից ավելի մասնակից ունի խումբը), Վահե Ավետյանի հիշատակին այսօր ժամը 21:00-ին մոմավառություն է կազմակերպում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ: Ֆեյսբուքում այս միջոցառումը կոչվում ՝«Մոմավառություն ի հիշատակ Վահե Ավետյանի»

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց