Ոսկեգործության և թանկարժեք քարերի ոլորտում ԱԱՀ շեմը 58 միլիոնից բարձրացնել. առաջարկ
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերության ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկում, որին մասնակցում էին նշված ոլորտների 24 ընկերությունների ներկայացուցիչներ:
ՀՀ էկոնոմիայի նախարար Կարեն Ճշմարիտյանը քննարկման ժամանակ նշեց, որ իրենց նպատակն է վեր հանել ոլորտների զարգացմանը խոչընդոտող խնդիրները և համատեղ ջանքերով գտնել դրանց արդյունավետ լուծման ուղիները:
«Կխնդրեի, որ ներկայացնեիք ձեր արտադրության ծավալները, իսկ եթե կան նվազումներ, ապա նշել, թե ինչով են դրանք պայմանավորված»,- ասաց նախարարը:
Կ.Ճշմարիտյանն ասաց, որ նշյալ ոլորտների գործունեությունը խթանելու և արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով 2013 թվականի հուլիսին ընդունվել է ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության զարգացման ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը: Ծրագրով նախատեսված միջոցառումները գտնվում են իրականացման փուլում:
Այնուհետև նախարարը լսեց ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին հարկերի հետ կապված խնդիրներին: Մասնավորապես, առաջարկ հնչեց ոսկեգործության և թանկարժեք քարերի ոլորտում Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) շեմը 58 միլիոնից բարձրացնել: Նախարարն ասաց, որ այդ հարցը կքննարկեն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին