Բանկերն ինձ վարկ չեն տրամադրում՝ բնակարան գնելու նպատակով. տաքսիստ
Կառավարության նիստերի դահլիճում այսօր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց տաքսի-ծառայությունների ներկայացուցիչների և վարորդների հետ: Քննարկվեցին տաքսի ծառայության ոլորտում նոր բարեփոխումները: Նախարարը նշեց, որ բարեփոխումները բխում են վարորդների շահերից, սակայն վերջիններս, չհամաձայնելով այդ տեսակետին, նախարարին ներկայացրեցին կոնկրետ հարցադրումներ:
«Որպես ֆիզիկական անձ դուք ստանում եք տաքսի վարելու իրավունք, անհատ ձեռներեցի դեպքում դուք բացի նրանից, որ տալիս էիք պետական տուրքեր և այլ ծախսեր ունեիք, հիմա դուք դրանք չեք ունենա»,- հայտարարեց Գագիկ Բեգլարյանը:
Վարորդների հարցերը հիմնականում կապված էին կարմիր գծանիշերի, ճանապարհային տեսախցիկների, պարտադիր ապահովագրական ծառայությունների, ինչպես նաև երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների հետ:
«Դաշտում կլինեն հավասար վարորդներ, ովեքր իրենց սպասարկման որակով պետք է հավասար դաշտում մրցակցեն»,- ասաց նախարարը:
Տաքսու վարորդներից մեկն անհանգստություն հայտնեց կենսաթոշակային համակարգում իրենց լինել-չլինելու հարցով: Նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը նշեց, որ այդ հարցը կարգավորում է կուտակային կենսաթոշակային համակարգը, որտեղ վարորդները կարող են սեփական դիմումի համաձայն գրանցվել:
«Ես երիտասարդ ընտանիքի հայր եմ և տուն չունեմ: Բայց բանկերն ինձ վարկ չեն տրամադրում՝ բնակարան գնելու նպատակով, քանի որ ոչ մի տեղ գրանցված չեմ»,- անհանգստություն հայտնեց վարորդներից մեկը: Նախարարը պատասխանեց, որ այդ հարցը կքննարկեն և անպայման լուծում կտան:
Ըստ Բեգլարյանի՝ նոր օրենքով հնարավորություն է տրվում յուրաքանչյուրին անհատ ձեռներեցի փոխարեն որպես ֆիզիկական անձ տաքսի վարել, ինչը նախարարի համոզմամբ իջեցնելու է վարորդների բեռը 4 անգամ:
Վարորդները, սակայն, նշեցին, որ համաձայն չեն, թե իրենց բեռը թեթևացել է՝ նշելով բազմաթիվ այլ ծախսեր, ներառյալ գազի թանկացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը