Թևան Պողոսյան. ԵԱՏՄ անդամակցության ընթացքում որևէ դրական միտում չեմ տեսել
Որևէ դրական միտում, հաղթանակ կամ շահ ԵԱՏՄ անդամակցության երկու տարիների ընթացքում մենք չենք տեսել: Նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը «Մեդիա կենտրոն»-ում «Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության որոշումից 2 տարի անց. զարգացումներ և դիտարկումներ» թեմայով ասուլիսի ժամանակ:
«Շատերը բարձրաձայնեցին, որ ԵԱՏՄ անդամակցությունը սխալ ուղի է Հայաստանի զարգացման համար, այնուամենայնիվ չլսեցին: Հիմա լավ թե վատ, դրա անդամ ենք, բայց լավ բան նշել չի լինում: Կարող ենք ասել, որ ամեն ինչ կանխատեսելի էր»,-նշեց պատգամավորը:
Նրա ներկայացմամբ, ԵԱՏՄ անդամակցությունը քաղաքական որոշում էր, որտեղ հաշվի առնված չէին շահերը. «Այս պարագայում գոնե պետք է քաղաքական լուծումներ տրվեին, որը ոչ մի կերպ չտրվեց»:
Պատգամավորի խոսքով, պետք էր մինչ անդամակցությունը լիներ քաղաքական որոշում, որ շուկայում այսինչ ապրանքները պետք է մատակարարի միայն Հայաստանը, մինչդեռ էկոնոմիկայի նախարարությունը ոչ մի ուսումնասիրություն ոչ արվել է, ոչ էլ արվում է:
Պողոսյանը նկատեց, որ շատ բաներ կախված են նաև միջազգային տնտեսական ճգնաժամից, նավթի գների անկումից, սակայն արձանագրեց, որ երկարատև շահերի բավարարում Հայաստանն ամեն դեպքում չի ունենալու:
«Մտնում ենք մի տեղ, որտեղ ինստիտուտների աշխատանքն էր անհասկանալի, մի պարզ օրինակ, հայկական ձկների վառումն էր: Որևէ ինստիտուտ չի աշխատում, կոռուպցիայի միջոցով ամեն ինչ կարելի է անել: Էլ չեմ խոսում, որ ռուբլու անկման պատճառով լայն հնարավորություն է ստեղծվել ռուս արտադրողների համար, հայ արտադրողները մրցակցային վատ իրավիճակում են հայտնվել»,-ասաց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին