Մեղադրող դատախազի՝ անչափահասին մեղադրանքին Գլխավոր դատախազությունը որևէ հիմնավորում չտվեց
Օրերս Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն էր տարածել, որտեղ բարձրացվել էր հարցադրում` պատժաչափերի անհամաչափության մասին: Panorama.am-ը դիմել էր Գլխավոր դատախազություն` հայտարարության մեջ արծածված հարցերի մասին նրանց դիրքորոշումն ու պատիժների մասով հիմնավորումներ ստանալու համար:
Նշենք, որ հայտարարության մեջ տրված էր պատժաչափերի հետևյալ համեմատականը. «15-ամյա Շահեն Հարությունյանին (ի դեպ, արարքը կատարելիս նա եղել է 14 տարեկան) 5 տարվա ազատազրկում առաջարկելը, այն դեպքում, երբ Հայաստանում տեղի ունեցած մի շարք սպանությունների համար ՀՀ դատախազությունը նման ժամկետ չի պահանջել, արտառոց նախադեպ է, մասնավորապես, նկատի ունենալով Գորիսում վերջերս կատարված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղային վերագրվող սպանությունը և Հայոց բանակի գնդապետի սպանության փորձը, ինչի համար որեւէ մեկը փաստացի չդատվեց: Մի՞թե պետական մեղադրողը, նախքան պատիժ առաջադրելը, չի գիտակցել, որ խոսքը գնում է 15-ամյա անչափահաս պատանու մասին, ով հաստատ մարդասպան չէ, ում հոր համար ևս, նույնպիսի դատավարության ընթացքում, ազատազրկման է՛լ ավելի երկար ժամկետի պահաջ է ներկայացված, և որ իր այդ առաջարկով կործանման եզրին է կանգնեցնում ոչ միայն նրան, այլ մի ամբողջ հայ ընտանիքի:
Խորը վրդովմունք արտահայտելով ՀՀ դատախազության այս խայտառակ առաջարկի առիթով, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը վերահաստատում է Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահեն Հարությունյանի և ընկերների գործով դատավարության նկատմամբ իր գնահատականը՝ որպես քաղաքական հետապնդման, և պահանջում է Հայաստանի իշխանություններից, դատական համակարգի ներկայացուցիչներից՝ դադարեցնել ընդդիմախոսների հետ հաշիվներ մաքրելու այդօրինակ ամոթալի պրակտիկան»:
ՀՀ Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից պատասխանեցին շատ կարճ. «Գլխավոր դատախազության դիրքորոշումն արտացոլված է դատախազի՝ դատարանի դահլիճում արտահայտած մեղադրական միջնորդությամբ»:
Քանի որ Գլխավոր դատախազությունը որևէ հիմնավորում չներկայացրեց, հղում ենք անում a1plus.am-ի տեսագրությանը, որում մեղադրող Գևորգ Գևորգյանի դատարանի դահլիճում ունեցած ելույթն է: (Շահեն Հարությունյանի վերաբերյալ՝ 4 րոպե 16 վայրկյանից):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին