Մեր աչքը գործի վրա է. Պաշտպանը` Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացել է Գորիսում Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ տուժած Զաքարյան եղբայրների դիմումը և արդեն հարցեր են ուղղվել իրավապահ մարմիններին: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում իշխանությունների առաջ հարց բարձրացնել Պաշտպանը, որ Սյունիքում Սուրիկ Խաչատրյանը իր ընտանիքով բազում անգամներ սպառնալիք է դարձել:
«Ձեր բարձրացրած հարցերը իմ իրավասությունից դուրս են, որպես քաղաքացի, ես էլ կարող էի տարբեր մարդկանց մասին տարբեր հարցադրումներ անել, բայց դրանք իմ լիազորություններից դուրս հարցեր են: Ինչ վերաբերում է, թե կպատժվեն արդյոք այդ միջադեպի բոլոր մեղավորները, ապա կասեմ, որ երիտասարդ տղան տեսողության լուրջ խնդիր է ստացել: Մենք հետևողական զբաղվում ենք, աշխատում ենք: Եթե մենք վարույթ ենք հարուցում, դա նշանակում է, որ մեր աչքը գործի վրա է»,- հայտարարեց Անդրեասյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տարբեր վնասվածքներ էին ստացել Հարություն և Մուշեղ Զաքարյանները: Վերջինները նախաքննության շրջանակներում ճանաչվել են տուժողներ: Մուշեղ Զաքարյանի մոտ ախտորոշվել էին քթի միջնապատի և քթոսկրի կոտրվածքներ, իսկ Հարություն Զաքարյանի մոտ՝ ախտորոշվել էր «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք»: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին և մինչ այժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
Հարակից հրապարակում
Գորիսի ծեծկռտուքի գործով առգրավվել են Զաքարյան եղբայրների հագուստները
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին