Գորիսի ծեծկռտուքի գործով առգրավվել են Զաքարյան եղբայրների հագուստները
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումները՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այդ մասին տեղեկացնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ հայտնաբերելու նպատակով խուզարկություն է կատարվել Գորիսի Սդղի լիճ 1 հասցեում գտնվող ամառանոցային համալիրում։
Նախաքննության ընթացքում հարցաքննվել և հարցաքննվում են բազմաթիվ անձինք, առգրավվել են Զաքարյան եղբայրներին ծեծի ենթարկելու ժամանակ վերջիններիս հագին եղած հագուստները և արյան նմունշներ հայտնաբերելու նպատակով նշանակվել են դատակենսաբանական փորձաքննություններ։
Տեղեկացնում են, որ քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ նշված միջադեպի մասնակիցների ամբողջական շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը, Հ. Զաքարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տարբեր վնասվածքներ էին ստացել Հարություն և Մուշեղ Զաքարյանները:
Վերջինները նախաքննության շրջանակներում ճանաչվել են տուժողներ: Մուշեղ Զաքարյանի մոտ ախտորոշվել էին քթի միջնապատի և քթոսկրի կոտրվածքներ, իսկ Հարություն Զաքարյանի մոտ՝ ախտորոշվել էր «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք»: Ըստ որոշ տեղեկությունների, Հարությունը տեսողությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնած:
Հարակից հրապարակում՝
Գորիսի ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը այսօր կվիրահատեն
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ