Երկրորդ փուլի մասին վաղ է խոսել. Վարդան Պողոսյան (Տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակացության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանից հետաքրքրվեց, արդյոք հանձնաժողովի կողմից այլընտրանքային տարբերակներ քննարկվե՞լ են:
Պատգամավորը հիշեց 1994 թվականը, երբ Գերագույն խորհուրդում Սահմանադրության ալընտրանքային տարբերակներ էին քննարկվում: Պատգամավորն ասաց, որ չի հիշում, որ վերջին 25 տարիների ընթացքում երբևէ կառավարության ձևավորման հարցը ճգնաժամային լինի:
«Ընդհակառակը իշխող ուժը միշտ ստացել է 50 տոկոսից ավելի ձայներ, սակայն գնացել է կոալիցիաներ ձևավորելու ուղիով: Այս դեպքում անտրամաբանական է դառնում 89-րդ հոդվածի առկայությունն այս նախագծում: Բարեկամաբար ձեզ ասել եմ, որ միևնույն է համոզիչ չէ որևէ բացատրություն 89-րդ հոդվածի մասով»,-ասաց պատգամավորը, առաջարկելով այդ հոդվածում նշել, որ եթե 15-օրյա ժամկետում կառավարություն չի ձևավորվում, ապա պետք է նոր ընտրություն անցկացվի:
Վարդան Պողոսյանն ի պատասխան պատգամավորի ասաց, որ հանձնաժողովում հաշվի են առել բազմաթիվ այլ երկրների փորձը:
Ինչ վերաբերում է 89-րդ հոդվածին, ապա Պողոսյանն ասաց, որ համաձայն չէ այն թեզի հետ, որ եթե մի քաղաքական կուսակցություն միշտ 50 տոկոսից ավելի ձայներ է ստացել, դա միշտ կրկնվելու է:
«Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ համամասնական ընտրակարգի անցնելիս այդ արդյունքները պահպանվելու են: 89-րդ հոդվածում առաջարկված ձևակերպումները հենց ելնում են նրանից, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելիս ակտուալ է դառնում քաղաքական մեծամասնության ձևավորման խնդիրը»,-ասաց Վ. Պողոսյանը:
Ինչ վերաբերում է պատգամավորի առաջարկությանը, ապա Վ. Պողոսյանի խոսքով, դա պետք է կարգավորվի Ընտրական օրենսգրքով:
«Ընտրական օրենսգիրքը պետք է մանրամասները սահմանի, հիմա դրա մասին վաղաժամ է խոսել»,-ասաց նա:
89-րդ հոդվածի նոր բովանդակությունը այսպիսին է լինելու.
1. Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից:
2. Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
3 Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, եթե ընտրության արդյունքում կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության 2-րդ փուլ: Քաղաքական կոալիցիայի ձևավորման սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին