Ջեք Անդերսոն. «Ռուբեն Հայրապետյանի պնդումները զարմանալի են»
Պայմանավորված խաղերի գործերով մասնագետ, Բելֆասթի «Queen's University» համալսարանի պրոֆեսոր, իրավաբան Ջեք Անդերսոնը դանիական մամուլին տված հարցազրույցում նշել է, որ քիչ հավանական է համարում Հայաստան-Ալբանիա (0:3) հանդիպման պայմանավորված լինելը: Այս մասին հայտնում է armfootball.com-ը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստների կողմից «դավաճանություն» է եղել:
«Այս պնդումները զարմանալի են, քանի որ բոլոր կարևոր ընտրական հանդիպումներն ՈՒԵՖԱ-ի ուշադրության կենտրոնում են: ՈՒԵՖԱ-ն այդ նպատակով հատուկ կազմակերպությունների հետ է աշխատում: Եղել են ահազանգեր նաև՝ կապված Հայաստան-Ալբանիա հանդիպման վերաբերյալ, սակայն չեն հաստատվել:
Կան մի քանի պատճառներ, որոնք ստիպում են չհավատալ ՀՖՖ նախագահի խոսքերին: Հնարավոր է` պայմանավորված խաղի համար հիմք ծառայի այն, որ Հայաստանի հավաքականը այլևս ոչնչի չէր հավակնում: Սակայն ՈՒԵՖԱ-ն նման դեպքերի հետաքննության շատ ամուր համակարգ ունի, որը ոչ մի ապացույց չի գտել: Այն պնդումները, որ Ալբանիայի հավաքականը գնել է խաղը, հիմնականում գալիս են Սերբիայից, իսկ այդ երկրների միջև հակամարտության մասին բոլորը գիտեն:
Նաև փաստ է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը լուրջ ճնշման տակ է մի շարք անհաջող հանդիպումներից հետո: Այնպես որ, սա կարող է քննադատների ուշադրությունն այլ կողմ շեղելու փորձ լինել:
Այնուամենայնիվ, Դանիան կարող է շատ չնչին հույս ունենալ այս պատմությունից օգուտ քաղելու, եթե ՈՒԵՖԱ-ն համարի, որ արձագանքելու անհրաժեշտ հիմքեր կան: Ի վերջո, «Ֆեներբախչեն» վերջերս հենց պայմանավորված խաղերում ներքաշված լինելու պատճառով որակազրկվեց,- նշել է Անդերսոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին