Ոստիկանությունը Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին սթափության կոչ է անում
ՀՀ ոստիկանությունը այսօրվա հանրահավաքի կազմակերպիչներին և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին սթափության կոչ է անում: Այս մասին նշված է ոստիկանության հայտարարության մեջ:
«ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015 թ. դեկտեմբերի 1-ի հավաքն ընթանում է օրենքի խախտումներով: Հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, «մեր քաղաքում ազատ քայլելու» և համանման այլ պատճառաբանություններով շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված Մելիք-Ադամյան փողոց և արգելափակել հարակից Հանրապետության փողոցի երթևեկությունը: ՀՀ ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում կասեցրել է անօրինական երթը, հորդորել երթի կազմակերպիչներին հետևել իրազեկմամբ նախանշված երթուղուն:
ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ նախատեսված հավաքների առաջին իսկ օրից, հավաքի կազմակերպիչները, անտեսելով ՀՀ ոստիկանության նախապես տարածված հայտարարության մեջ տեղ գտած ողջախոհության և օրինապահության կոչերը, ձեռնարկել են իրավիճակը լարելուն և ոստիկանների հետ բախումներ հրահրելուն ուղղված սադրիչ գործողություններ: ՀՀ ոստիկանությունը հավաքի կազմակերպիչներին և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին հերթական անգամ սթափության կոչ է անում և պահանջում նման բազմամարդ միջոցառումներում ձեռնպահ մնալ ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ ՀՀ ոստիկանության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող իրավիճակներ ստեղծելուց: Նման գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու են հավաքի կազմակերպիչները»,- նշված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարկում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից հրավիրվել էր համազգային հանրահավաք՝ կոչ անելով «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին և պահանջում իշխանությունների հրաժարականը։
«Նոր Հայաստան» ճակատի մաս են կազմում Հիմնադիր խորհրդարանը, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Սեֆիլյանը Փաշինյանին միանալու կոչ արեց
- «Ոչ»-ի շարժումը դարձել է բազմազան և տարածվել. Վլադիմիր Կարապետյան
- Պատասխանատու է այսպիսի հանրահավաքում ելույթ ունենալը. Երվանդ Մանարյան
- Մենք բերելու ենք Սևակի կտակած հինգերորդ եղանակը. Րաֆֆի Հովհաննիսյան
- Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստան»-ի հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին