Ֆինանսական հաշտարարի գրասենյակը քննված գործերի 78.64%-ը լուծել է հօգուտ հաճախորդի
2015 թվականին Հայաստանում ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է 3 829 բողոք, որից 3263-ն են վերաբերել ֆինանսական համակարգին: Այս մասին այսօր Հաշտարարի գրասենյակի գործունեության 7-ամյակին և 2015թ.-ի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում հայտնեց Հայաստանում ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ 2015 ընթացքում քննության է ընդունվել 1448 պահանջ, ինչը նախորդ տարվա համեմատ 13.5%-ով ավելի է:
«Պահանջների քննության արդյունքում գործերի 78.64%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի: Սա շատ լավ ցուցանիշ է: Ընդ որում, դրական ելքերի 59.50%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով»,-ասաց Փ.Սարգսյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ՝ հատուցվել է 177 մլն դրամ, որից մոտ 80%-ը հատուցվել է ապահովագրական ընկերությունների դեմ ներկայացված գործերով:
Բողոքները հիմնականում ապահովագրական կազմակերպությունների և բանկերի դեմ են. ընդհանուր առմամբ՝ բանկերի դեմ ստացվել է 1114 բողոք, իսկ ապահովագրական կազմակերպությունների դեմ՝ 1964 բողոք:
Փ.Սարգսյանը նշեց, որ 2009-2015թթ-ին Հաշտարարի գրասենյակը ստացել է 11750 բողոք, որից քննության է ընդունվել 4293-ը: Պահանջների քննության ընթացքում հաճախորդներին հատուցվել է ավելի քան 827 մլն դրամ, իսկ պահանջների քննության արդյունքում գործերի 71.51%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի:
Ֆինանսական հաշտարարը խորհուրդ տվեց, որ օրինակ՝ տրանսպորտային պատահարի դեպքում անմիջապես տեղեկացնել համապատասխան ապահովագրական ընկերությանը, իսկ մինչև գնահատումը և ֆինանսական հաշտատարի մոտ գալը չվերանորոգել մեքենան, քանի որ եթե համաձայն չեն գնահատված վնասի չափի հետ, ապա վերանորոգումից հետո դժվար է հօգուտ հաճախորդի որոշում կայացնել: Բանկերի պարագայում էլ խորհուրդ տվեց ակտիվացնել վճարային քարտերի հաղորդագրությունը, որը հնարավորություն է տալիս հետևել քարտերի «շարժը»։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին