Նալբանդյան 106/1 շենքի շինարարության խախտում չկա. քաղաքապետարանի պարզաբանումը
Նալբանդյան 106/1 շենքի շինարարության հետ կապված այս պահին ոչևէ խախտում չկա: Այս մասին Panorama. am-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության մասնագետ Արամ Այվազյանը:
Նշենք, որ նախօրեին Սայաթ-Նովա, Նալբանդյան, Թումանյան, Ավագ Պետրոսյան փողոցների հատվածում գտնվող շենքերի բնակիչները հաղորդագրություն էին տարածել, որտեղ ահազանգում են Նալբանդյան 106/1 շենքի նախագծից շեղված շարունակվող շինարարության մասին:
Ահազանգի վերաբերյալ Panorama.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան, որի ի պատասխան քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը պարզաբանում է ուղարկել:
Ստորև ներկայացնում ենք պարզաբանումն ամբողջությամբ.
«Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ Կենտրոն վարչական շրջանի, Նալբանդյան փողոցի հ.106/1 /Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովա պողոտայով պարփակված տարածք/ հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման համար առկա է կառուցապատող՝ «ԱՎԱԳ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից, Երևանի քաղաքապետարանի հետ 20.08.2012թ. համաձայնեցված հ.01/18-05/2-39012-8165 ճարտարապետաշինարարական նախագիծն ու 23.08.2014թ. տրված հ.01/18-48176-905 շինարարության թույլտվությունը: Համաձայն նշված քաղաքաշինական փաստաթղթերի՝ բազմաֆունկցիոնալ բնակելի շենքը նախագծված է 3 նկուղային, 7 վերգետնյա և /ետ նահանջ/ 1 մանսարդային հարկերով ու փաստացի իրականացվել է մինչև 7-րդ վերգետնյա հարկի շինարարական մոնտաժային աշխատանքները:
Տեղեկացվում է նաև, որ հիշյալ կառույցի առաջին և երկրորդ հարկերը նախատեսված են շահագործել որպես մանկապարտեզ և գրասենյակային տարածքներ, իսկ մնացած վերգետնյա հարկերը՝ որպես բնակարաններ: Բնակելի հատվածը կազմված է երկու համահավասար մասերից, որոնք պետք է ունենան երկուական աստիճանավանդակ և մեկական վերելակ, բնակելի հատվածի միջին մասում՝ 6.60 նիշում, նախատեսված է բաց հարթակ, իսկ ստորգետնյա եռահարկ ավտոկայանատեղը նախատեսված է շուրջ 228 ավտոմեքենաների համար և շնորհիվ տեղանքի թեքության, կայանատեղի մուտքերը կազմակերպվելու են անմիջապես համահարթեցման նիշից»:
Իսկ թե որո՞նք են համարվում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի 3 նկուղային և /ետ նահանջ/ 1 մանսարդային հարկեր, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության մասնագետը պարզաբանեց. «Երեք նկուղային հարկերը դրանք զրոյից ներքև ստորգետնյա հարկերն են, որոնք նախատեսված են որպես ավտոկայանատեղի, իսկ ետ նահանջ 1 մանսարդային հարկը 7-րդ հարկից վերև գնտվողն է, որը ամբողջական հարկ չի համարվում, այն ծավալով և հատակագծային չափերով ավելի փոքր և ներս ընկած է»: