Բնակիչներն ահազանգում են Նալբանդյան 106/1 շենքի ապօրինի շինարարության մասին
Սայաթ-Նովա, Նալբանդյան, Թումանյան, Ավագ Պետրոսյան փողոցների հատվածում գտնվող շենքերի բնակիչներն ահազանգում են Նալբանդյան 106/1 շենքի նախագծից շեղված շարունակվող շինարարության մասին:
Ստորև ներկայացնում ենք բնակիչների բաց նամակը, որտեղ ասված է.
«Նալբանդյան 106/1 շենքի շինարարությունը, որը սկսվել է 2011 թվականին բազմաթիվ անօրինականություններով, շարունակվում է: Չնայած շենքի դիմաց փակցված նախագծում հստակ նշած է, որ շենքը պետք է լինի 6 հարկանի/ և 1 կտուրային հարկ/, արդեն կառուցված է 7 լիարժեք հարկ, որոնց պատրաստվում են ավելացնել նորերը:
Ի դեպ, կիսակառույցն արդեն համաձայնեցված և հաստատված նախագծից բազում շեղումներ ունի. ըստ նախագծի նախատեսվում էր երրորդ հարկից սկսած ամեն հարկը կառուցել ավելի ներս ընկած՝ աստիճանաձև կառուցվածքով, ինչը թույլ կտար հարակից շենքերին որոշ չափով արևի լույս ստանալ, սակայն դեռևս 7-հարկանի հսկան հավասարաչափ վեր է խոյանում` հարակից շենքերի բնակչությանը արդեն իսկ զրկելով արևի լույսից: Օրերս 4-5 հարկի չափով բարձրացված վերամբարձ կռունկը և այսօր բերված մեծ քանակությամբ ամրանները վկայում են, որ հարկերն ավելանալու են: Իմիջիայլոց, շինարարները նշում են, որ շենքը 12 հարկանի է լինելու:
12 հարկի դեպքում ոչ միայն կխախտվի շին․թույլտվությամբ հաստատված նախագիծը և հօդս կցնդեն քաղաքային իշխանությունների՝ տարիներ առաջ տված խոստումները կապված նորակառույց շենքի հարկայնության հետ, այլև կոպտորեն կոտնահարվեն հարակից շենքերի բնակիչների իրավունքները։ Կստեղծվի աղետալի վիճակ, քանի որ վերջնականապես հարակից բոլոր շենքերի ցածր հարկերի բնակարանները վերջնականապես կզրվեն արևի լույսից, իսկ նորակառույցի գրասենյակների և բնակիչների մեքենաների ելումուտը, աղմուկի ու արտանետումների հետ միասին, ուղղակի անանցանելի կդարձնեն հարակից շենքերի բակերը:
Անհապաղ վերահսկիչ քայլերի ակնկալիքով`
Սայաթ-Նովա, Նալբանդյան, Թումանյան, Ավագ Պետրոսյան փողոցների հատվածում գտնվող շենքերի բնակիչներ»:
Ահազանգի վերաբերյալ Panorama.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարան, որտեղից ասացին, որ հարցին կպատասխանեն գրավոր հարցում ուղարկելուց հետո: Գրավոր հարցումն ուղարկված է, պատասխանը ստանալուց հետո այն կհրապարակվի:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ