Թևան Պողոսյան. Հայաստանը դասեր չքաղեց
«Նախքան որևէ կառույցին անդամակցելը պետք է ուսումնասիրել այդ կառույցի կանոնակարգն ու մշակույթը: Այդ դեպքում հնարավոր է հասկանալ, թե ինչ գործունեություն պետք է ծավալել կառույցում»,-«Եվրոպական կառույցներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված բանաձևերի քաղաքական նշանակությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ըստ նրա, եթե Հայաստանն ուսումնասիրած լիներ ԵԽԽՎ կանոնակարգը, այդ կառույցում նախաձեռնողականություն կցուցաբերեր, կբարձրաձայներ իրեն հուզող հարցեր, օրինակ ռազմագերիների, փախստականների մասին, բացի այդ ամեն երկրի հետ Հայաստանը պետք է աշխատի անհատապես՝ այդպիսով ունենալով բանակցային պաշար, որպեսզի հակահայ բանաձևեր ի սկզբանե չծնվեն:
«2005 թվականից, երբ կրկին բանաձև ներկայացվեց Հայաստանի դեմ, Հայաստանը դասեր չքաղեց, թե ինչ պետք է անել: Իսկ Ադրբեջանը ձևավորեց իր լոբբիստական բուրգը, կարողացավ ընտրել իր զեկույցների հեղինակներին»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ շատ դեպքերում հայկական պատվիրակությունն ընտրում է բոյկոտի ճանապարհը:
Միաժամանակ Թ. Պողոսյանն ասաց, որ Ադրբեջանի նախաձեռնություններն ուղղված չեն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, այլ ավելի շուտ տարբեր միջազգային հարթակներում այդ բանաձևերին հղումներ անելուն: Ըստ նրա, Ադրբեջանը հիմնախնդրի ռազմական մոտեցումից բացի այլ մոտեցում չունի, չի էլ ուզում ձևավորել այդ մոտեցումները:
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունվել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևի նախագիծը՝ մի շարք փոփոխություններով: Բանաձևն ընդունվել է 98 «կողմ», 71 «դեմ» և 40 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: Իսկ բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը տապալվել է. դահլիճում ներկա պատգամավորներից 66-ը քվեարկել էին «կողմ», 70-ը՝ «դեմ» և 45-ը «ձեռնպահ»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին