Արմեն Աշոտյան. Դաշնակցության բերած, Դաշնակցության տարած
«Այս յոթ տարիները բավականին ծանր էին աշխատանքային ծավալի իմաստով: Այդ էջը թերթել հարկավոր էր: Սա չի նշանակում, որ չեմ սիրում իմ աշխատանքը, չի նշանակում, որ չեմ կապվել կոլեկտիվի, ոլորտի հետ ու չեմ պատրաստվում ոլորտը լքել, որովհետև չեմ կարող լքել մի ոլորտ, որտեղ յոթ տարի ավելի շատ եմ եղել, քան տանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն՝ խոսելով պաշտոնից հեռանալու մասին:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության դեպքում կրթության և գիտության նախարարի պաշտոնը տրվելու է ՀՅԴ-ականներին:
Նախարարն ասաց, որ միշտ պետք է պատրաստ լինել քաղաքական գործընթացների շրջանակներում էջ թերթել: Ա.Աշոտյանի խոսքով, իհարկե, Տիրոջ կամքով, կշարունակի գործունեությունը քաղաքական դաշտում:
«Որևէ անձնական, քաղաքական կամ մասնագիտական ճգնաժամ հոգուս մեջ չկա, ճիշտ հակառակը կարծում եմ, որ ամենապատեհ ու ամենալավ պահն էր պատրաստ լինել դուրս գալ կոնֆորտի զոնայից: Պետք է պատրաստ լինել ճեղքել հարմարավետության գոտին, և նոր մարտահրավերների դիմակայել: Քաղաքական գործընթացները սիրել եմ, սիրում եմ: Քաղաքականությունը սիրում եմ, քաղաքականությունն է բերում գործադիր, օրենսդիր իշխանության»,-ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նեղացած չեք Դաշնակցականներից, Ա.Աշոտյանն ասաց. «Ես Դաշնակցության մեջ ունեմ շատ ընկերներ: 2009 թվականին, երբ ստանձնեցի այս պորտֆելը Սպարտակ Սեյրանյանից, մենք բազմիցս իր հետ հանդիպել, աշխատել ենք սահուն փոխանցում կատարել, որովհետև համակարգն այնպիսին է, որ, իհարկե, նախարարի քաղաքական պատկանելությունը կամ մտածելակերպը կարող է նշանակություն ունենալ դետալների մեջ: Ռազմավարական առումով, եթե հետևեք Հայաստանի կրթական բարեփոխումներին, վերջին 15-20 տարիներին, քաղաքական պատկանելությունը չի ազդել քաղաքական նպատակների վրա. ազգային դպրոց` միջազգային ստանդարտներին համապատասխան: Դա է մեր նպատակը կրթական համակարգում: Ինչ վերաբերում է նեղացվածությանը, ինչպես ճիշտ կատակեցի վերջերս Դաշնակցական շրջապատում` Դաշնակցության բերած, Դաշնակցության տարած»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին