Մասնավոր սեկտորում Աշխատանքային օրենսգրքի խախտումները բազմաթիվ են. Փաստաբան
Հայաստանում աշխատողների շրջանում բարձրանում է իրավագիտակացությունը, ինչը բերում է նրան, որ շատանում են դատական վեճերը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, հանրային պաշտպան Աշոտ Նուրիջանյանը:
Նա նշեց, որ մի կողմից դրական է վերաբերվում դրան, քանի որ աշխատողները տեր են կանգնում իրենց իրավունքներին:
Փաստաբանի խոսքով, մասնավոր սեկտորում Աշխատանքային օրենսդրության խախտումները բազմաթիվ են, վիճակը կատարելագործման անհրաժեշտության ունի:
«Մասնավոր սեկտորում գործատուները փաստացի ավելի շատ լիազորություններ ունեն, քան պետականում: Գործատուի կողմից ցանկացած գործողություն ելնում է իր անձնական շահերից»,- նշեց Ա. Նուրիջանյանը՝ հավելելով, որ խախտումներ արձանագրվում են հիմնականում մանր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացնող տնտեսվարողների մոտ:
Նա խախտումների մեջ առանձնացրեց աշխատողներին գրանցել-չգրանցելը: Հանրային պաշտպանն ընդգծեց, որ համապատասխան կարգով բոլոր աշխատողները պետք է գրանցված լինեն, աշխատանքային պայմանագիր կնքած լինեն գործատուի հետ:
«Աշխատողների մի ստվար զանգված աշխատում է առանց գրանցման: Լինում են դեպքեր, երբ աշխատակազմը մասնակի է գրանցված: Աշխատողները նորմալ են վերաբերում այդ երևույթին, մինչդեռ հենց աշխատողները պետք է ձեռնամուխ լինեն, պարտավորեցնեն գործատուին, որ իրենց հետ կնքի աշխատանքային պայմանագիր»,- նշեց Ա.Նուրիջանյանը:
Ըստ նրա, աշխատանքային պայմանագիր չկնքելն արդեն հանգեցնում է օրենսդրական մի շարք դրույթների խախտմանը: Փաստաբանը նշեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակը մասնավոր սեկտորում արձանագրված բողոքների մասին պարբերաբար լսում է, որոնք շարունակական են ու բավականին կոպիտ, իսկ պետական սեկտորում աշխատողների կողմից որևէ բողոք չեն լսել:
Ասուլիսին ներկա Գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ Շուշանիկ Բարսեղյանն ասաց, որ պետական սեկտորում նույնպես խախտումներ կան, իսկ հիմնական խնդիրն այն է, որ աշխատողները չեն տիրապետում իրենց իրավունքներին, պարտավորություններին:
Ըստ նրա, աշխատավարձերի վրա հարկային բեռը բավականին բարձր է, որը պետք է վճարի գործատուն, դրա համար գործատուն և աշխատողն ավելի հարմար են գտնում փոխադարձ համաձայնության գալ և չկնքել աշխատանքային պայմանագիր:
Արհﬕությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը նշեց, որ ժամանակին Հայաստանում կար Աշխատանքի պետական տեսչություն, Աշխատանքի պետական տեսչության մասին առանձին օրենք, որը կարգավորում էր տեսչության իրավունքները, պարտականությունները, սահմանում էր նրա հարաբերությունները գործատուների, աշխատողների հետ: Նա նշեց, որ այսօր արդեն նման տեսչություն չկա, դրա փոխարեն գործում է առողջապահւթյան նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչություն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին