Գյուղնախարարության պաշտոնյան՝ Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների մասին
Գյուղնախարարությունը և´ սերմացուների, և´ պարարտանյութերի, և´ դիզելային վառելիքի պահանջարկի վերաբերյալ տեղեկատվություն ստանում է մարզերից: Այս մասին Panorama.am-ին ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը՝ արձագանքելով Վերահսկիչ պալատի ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի ծրագրերի իրականացման վերաբերյալ հայտանբերած խախտումներին:
Հիշեցնենք, ՎՊ-ն ուսումնասիրությունների արդյունքում եկել էր եզրակացության, որ մարզպետարանների կողմից անհրաժեշտ քանակի ոչ ճիշտ պլանավորման հետևանքով ծրագրի գրեթե ամբողջ բեռը` շուրջ 80.9%-ն ընկել է պետության վրա:
«Գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկներ չի անում կամ պահանջներ չի ձևավորում: Ամբողջ պահանջարկը ներկայացվում է մարզերից, նախարարութունում թվերը ընդհանրացվում են և ներկայացվում կառավարությանը որոշման տեսքով»,-ասաց փոխնախարարը:
Պետրոսյանի խոսքով, հաճախ են լինում դեպքեր, երբ սերմացուի անհրաժեշտ քանակի վերաբերյալ հայտ ներկայացնելուց հետո մարզպետարանները կրճատում կամ ավելացնում են թվերը:
«Արդեն կան հաշվարկներ, պայմանգրեր, կառավարության որոշում, մրցույթն անցկացվել է, մատակարարումը սկսել է, մեկ էլ հանկարծ թիվ են փոխում: Ստացվում է, որ հավաքագրվում է ավելի քիչ գումար, քան ներկայացված էր հայտի մեջ»,-բացատրեց նա:
Վերահսկիչ պալատի կողմից կատարվել են ուսումնասիրություններ Շիրակում և Արագածոտնում: Արդյունքում եզրակացրել են, որ համայնքների որոշ ղեկավարների կողմից սերմացուն հատկացվել է կամայականորեն:
Հատկացված սերմացուի որոշ մասը չի ցանվել, որոշ դեպքերում սերմացուն շահառուներին տրամադրվել է քիչ չափաքանակներով, ինչի պատճառով ծրագրով ակնկալվող արդյունքը չի ստացվել:
ԳՆ պաշտոնյան ասաց, որ ծրագրի իրականացման վերահսկողությունը թողնված է տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա:
«Մարզպետարաններում կան համապատասխան ծառայություններ, որոնք պետք է վերահսկեն գործընթացը: Համայնքի ավագանու լիազորությունները համայնքում բավականին մեծ են: Կարծում եմ, որ նրանք պետք է շահագրգռված ու հետամուտ լինեն, որ սերմացուն հասնի ճիշտ հասցեատիրոջը»,-ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով, հատուկենտ դժգոհություններ եղել են, բայց ընդհանուր առմամբ, ծրագրի արդյունքները գոհացնում են ոլորտի պատասխանատուներին:
«Արդյունավետության գնահատականն այն արդյունքներն են, որ տարեցտարի նկատվում են: Դրանք խոսուն են: Արդյունքները գոհացնում են ոչ միայն ինձ, այլև մեր գյուղացիական տնտեսություններին: Եթե առվույտի սեմացուն պետք է գնեին 2600 դրամով, սակայն պետության սուբսիդավորման արդյունքում ձեռք են բերում 1500 դրամով, կարծում եմ, որևէ մեկի կողմից դժգոհություն չպետք է առաջանա»,-ասաց Գ. Պետրոսյանը:
ՎՊ-ն հրապարակել էր տվյալներ, ըստ որի 2015թ. գարնանացանի համար մարզերից առվույտի քանակի ոչ ճիշտ պահանջարկի ներկայացման հետևանքով 27.10.2015թ. դրությամբ 32.3 տ առվույտի չիրացված սերմացու մնացել է պահեստավորված վիճակում:
Պետրոսյանի խոսքով, դա չի նշանակում, որ սերմացուն փչացավ, այլ հակառակը, որքան հնանում է առվույտի սերմը, այնքան մեծանում է դրա ծլունակությունը:
«Կասկած կարող եք չունենալ, դա ցանկացած մեկը կարող է հաստատել»,-ասաց նա: