Ոստիկանության կոչը՝ շրջանավարտներին. Ձեռնպահ մնացեք մեքենա վարելու գայթակղությունից
Մայիսի 27-ին՝ «Վերջին զանգ»-ի օրը ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության ծառայությունից հայտնում են, որ «Վերջին զանգի»-ից առաջ ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները հանդիպումներ ու զրույցներ են ունեցել աշակերտների, մանկավարժների, ծնողների հետ, հիշեցրել տոնական օրը հասարակական կարգը, երթևեկության անվտանգությունը, համակեցության կանոնները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում ու կոչ է անում հատկապես շրջանավարտներին՝ «ձեռնպահ մնացեք մեքենա վարելու գայթակղությունից, հասարակական վայրերում եղեք զուսպ ու հարգալից միմյանց և համաքաղաքացիների հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպեք միայն օրենքով սահմանված ժամերին և պահպանելով անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարեք ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները:
Ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ ընկերակցեք երեխաներին զանգվածային միջոցառումների ժամանակ. ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները»:
Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին