Վենեսուելայում ֆիլմ և սերիալ են նկարահանելու Ուգո Չավեսի մասին
Վենեսուելայում գեղարվեստական ֆիլմ և սերիալ են նկարահանելու Բոլիվարական հեղափոխության առաջնորդ, Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի մասին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Ֆիլմի ռեժիսորն է Ռոման Չալբաուդը, սցենարի հեղինակը՝ Լուիս Բրիտո Գարսիան: Ֆիլմի հիմքում այն մարդկանց հիշողություններն են, ովքեր անձամբ ճանաչել են Չավեսին, նաև իսպանացի քաղաքագետ և լրագրող Իգնասիո Ռամոնետի «Ուգո Չավես. իմ առաջին կյանքը» գիրքը: Այնտեղ ընդգրկված է հեղինակի և Չավեսի՝ ավելի քան 200 ժամ տևած խոսակցությունը, որի ժամանակ նա հիշել է իր մանկությունն ու երիտասարդությունը:
Մադուրոն նշել է, որ վենեսուելական ֆիլմը կլինի պատասխան ամերիկայն Sony ընկերության նախագծին, որը ներկա պահին Չավեսի մասին սերիալ է նկարահանում, որտեղ նախկին նախագահին մարմնավորում է կոլումբիացի դերասան Անդրես Պարրան, ով հայտնի է նարկոբարոն Պաբլո Էսկոբարի դերով:
«Մենք թույլ չենք տա անդրազգային կորպորացիային աղավաղել մեր Ուգո Չավեսի կերպարը»,- ընդգծել է Մադուրոն:
Ուգո Չավեսը ծնվել է 1954 թվականին: Եղել է Վենեսուելայի նախագահը 1999–ից 2013 թվականը: Չավեսը բարձրացրել է դեմոկրատական սոցիալիզմը, Լատինական Ամերիկայի միավորման և հակա-իմպերիալիզմի հարցերը։ Քննադատել էՄիացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը։
Ուգո Չավեսի բարեփոխումները հակասաբար են ընդունվել ինչպես Վենեսուելայի ներսում, այնպես էլ արտասահմանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը Չավեսին համարում է Լատինական Ամերիկայում ժողովրդավարության համար վտանգ հանդիսացող անձ։ Եղել են մարդիկ, ովքեր կիսել են Չավեսի հայացքները։ 2005-ին և 2006-ին «Time»-ի կողմից Չավեսն ընդգրկվել է 100 ամենաազդեցիկ անձանց ցուցակի մեջ։
Ուգո Չավեսը մահացել է 2013 թ.-ի մարտի 5-ին՝ չկարողանալով հաղթահարել քաղցկեղային հիվանդությունը։