Ինձ մի քիչ շփոթեցնում է պատմության կրկնվող միտումը. Անուշ Սեդրակյան
«Նորանշանակ վարչապետը նույնպես մատնանշել է նույն խնդիրները, ինչ նախորդ երկու վարչապետերը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
«Նոր վարչապետի նշանակման հետ մեկտեղ նայել եմ նախորդ երկու վարչապետերի ելույթները և դրանցում տեղակայված սխեման: Սխեման հետևյալն է՝ Հայաստանը տնտեսական ծանր վիճակում է, բայց տեղի են ունենալու բարեփոխումներ և յուրաքանչյուր վարչապետը տվել է իր թիվը, որը կապահովի տնտեսական աճ»,-ասաց Սեդրակյանը:
Նրա խոսքով, հիմա իրեն մի քիչ շփոթեցնում է պատմության կրկնվող միտումը:
«Խոստանում են տարբեր տիպի տնտեսական աճեր, հետո պարբերաբար տարբեր թվերի միջոցով մեզ ասում են, որ տնտեսությունը լավացել է, չգիտես ինչու՝ դա հաստատում է ՌԴ նախագահ Պուտինը, դրանից օրեր անց մենք իմանում ենք, որ Հայաստանում տեղի է ունեցել տնտեսական աճի նվազում և հիմա դարձյալ մեզ պետք են տնտեսական ռեֆորմներ: Ես կարծում եմ, որ սա արատավոր շրջանակ է, որը քայքայում է ՀՀ տնտեսական կառուցվածքը»,-ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը:
Նրա կարծիքով՝ քանի դեռ կոռուպցիայի դեմ պայքարը զուտ անձերի տեղափոխման, տեղաբաշխման կամ նախարարությունների վերանվանման ուղով է ընթանում, այլ ոչ թե փոխում իր բնույթը, թեկուզ հազար անգամ անուն փոխիր, դրանից ոչինչ չի փոխվելու:
«Խորհուրդ եմ տալիս երեք վարչապետերի ելույթները դնել իրար կողքի և տեսնել, որ տարբերվում են միայն դրանց ոճը»,-հավելեց նա:
Նոր նախարարների մասին նրա մտահոգությունները՝ տեսանյութում: