Տնտեսագետ. Կարելի է ասել, ԿԲ-ն այս գործիքն օգտագործել է կառավարությանն աջակցելու համար
Կենտրոնական բանկի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման մասին որոշումը տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը դրական և հիմնավորված է գնահատում:
Նա բացատրեց, այս պահին առկա են դեֆլյացիոն միտումներ, իսկ նման իրավիճակում ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնելու հնարավորություն ունի, անցում է կատարում էժան փողերի քաղաքականությանը:
«Կենտրոնական բանկի այս որոշումը պայմանավորված է տնտեսական իրավիճակով, կարելի է ասել, ԿԲ-ն այս գործիքն օգտագործել է կառավարությանն աջակցելու համար, գուցե նախաձեռնությունը եղել է հենց կառավարության կողմից»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վ. Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ երեկ կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի լխավորությամբ և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն:
Գնահատելով ԿԲ-ի որոշման հնարավոր ազդեցությունները, տնտեսագետը թվարկեց՝ տնտեսության համար այն խթան կհանդիսանա, կմեծանա վարկային պորտֆելի չափը:
«Վերաֆինանսավորման տոկոսադրույքից է կախված առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը: Վարկավորման մակարդակը կավելանա, դա էլ կնպաստի տնտեսական աճի ավելացմանը»,-ասաց նա:
Տնտեսագետը հիշեցնում է, որ 2014 թվականի դեկտեմբերին գրանցված վարկավորման մակարդակը մինչ վերջերս անգերազանցելի էր: 2014-ի դեկտեմբերին վարկային ընդհանուր պորտֆելը կազմել է 2 տրիլիոն 188 միլիարդ դրամ, իսկ վերջերս միայն այն հասավ 2 տիլիոն 200 միլիարդի:
«Վերաֆինանսավորում նշանակում է, որ Կենտրոնական բանկը գումար է հատկացնում բանկերին, իսկ առևտրային բանկերն այդ գումարով վարկավորում են իրականացնում: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը նշանակում է, որ ԿԲ-ն արդեն էժան միջոցներ է տրամադրելու, ինչը որոշակի առումով տնտեսության աշխուժացում կստեղծի»,-նկատեց տնտեսագետը:
ԿԲ նման որոշում տնտեսագետմ արդյո՞ք պայմանավորում է վարչապետի փոփոխությամբ: Ի պատասխան Վիլեն Խաչատրյանը հիշեցնում է կառավարության ղեկավարի՝ բանկային համակարգի ներկայացուցիչների հետ հանդիպումը, որտեղ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Մեր նպատակն է, որպեսզի բիզնեսը «շնչի»»:
«Գուցե դա պայմանավորված է կառավարության կողմից ձեռնարկությունների համար նպաստավոր ֆինանսական ռեսուրսներով միջավայր ձևավորելուն: Բայց այնուամենայնիվ, Կենտրոնական բանկն իր գործունեության մեջ անկախ է, եթե տնտեսական միջավայրը չտար դրա հնարավորությունը, ապա ԿԲ-ն կշարունակեր իր քաղաքականությունն ու չէր ընդառաջի կառավարության հորդորներին: ԿԲ-ն այս առումով ավելի մեծ պատասխանատվություն ունի»,-ասաց Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է դրամի հնարավոր արժեզրկմանը, ապա տնտեսագետն ասաց, միանշանակ այս առումով ոչինչ ասել չի կարող, շատ բաներ կախված են միջազգային զարգացումներից:
«Ինչ վերաբերում է ներքին գործոններին, այստեղ մեծ դեր կարող է խաղալ արտահանման քաղաքականությունը: Օրինակ, այս տարվա 8 ամիսներին արտահանման ծավալները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը, իսկ ներմուծումը կրճատվել է: Դա ապահովում է դոլարային կամ ռուբլու լրացուցիչ հոսք դեպի Հայաստան, նպաստավոր իրավիճակ է ստեղծվում, ԿԲ-ին էլ հնարավորություն է տալիս իր պահուստներն ավելացնել: Այս ամենը իրենց ազդեցությունն են թողնում փոխարժեքի վրա: Կոպիտ ասած, տնտեսության մեջ դոլար շատ է մտնում, թանկ դոլար առնելու խնդիր չի լինի»,-մանրամասնեց Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր նպատակն է, որպեսզի բիզնեսը «շնչի». Կարեն Կարապետյանը՝ բանկային համակարգի ներկայացուցիչներին
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.75 տոկոս է սահմանվել
- Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոոստոսին աճել է 2,4%-ով. ԱՎԾ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ