Տնտեսության ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոոստոսին աճել է 2,4%-ով. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2,4%-ով։ Միաժամանակ, օգոստոս ամսվա ՏԱՑ-ը հուլիսի նկատմամբ աճել է 28,2%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ օգոստոսի համեմատ նվազել է 0,5%-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 7%-ով, 2015թ-ի օգոստոսի համեմատ՝ 1,3%-ով, իսկ ամսական կտրվածքով գրանցվել է արդյունաբերական արտադրանքի 2%-ի աճ:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի այն աճել 4,1%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ հուլիսի նկատմամբ՝ 116,3%-ով:
ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 8 տոկոսով, իսկ օգոստոսին հուլիսի համեմատ՝ 5%-ով:
2016թ-ի հունվար-օգոստոսին շինարարության ոլորտում արձանագրվել է 7,5%-ի անկում, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 5,9%-ի անկում:
Ըստ ԱՎԾ-ի` առևտրաշրջանառության ծավալներն ընթացիկ տարում՝ նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ նվազել է 0,4%-ով:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա 2016թ-ի հունվար-օգոստոսին գները նվազել են 1,6%-ով:
ԱՎԾ-ից տեղեկանում ենք նաև, որ արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,6%-ով, ընդ որում` արտահանումն ավելացել է 18,9 տոկոսով (1 մլրդ 129.7 մլն դոլար մլն դոլար), մինչդեռ ներմուծումը նվազել է 2.1 տոկոսով (1 985.0 մլն դոլար):
Նշենք նաև, որ հունվար-օգոստոսին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.6%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 2,9%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձը նվազել է 0,2%-ով` կազմելով 161 հազ. 218 դրամ, ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ աճը կազմել է 4,9%՝ հասնելով 218 հազար 822 դրամի: