Ճարտարապետները՝ քաղաքաշինության նախարարության վերացման մասին
Ազգային ժողովն այսօր ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Այսպիսով, քաղաքաշինության նախարարությունը կվերանա և կդառնա կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե:
«Ճիշտն այն էր, որ քաղաքաշինության նախարարությունը մնար որպես նախարարություն, քանի որ քաղաքաշինությունը կարևորագույն ասպարեզ է, շատ ավելի կարևոր է, քան մի քանի այլ նախարարություններ, որոնք լրիվ անհասկանալի են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք չի ազդի քաղաքաշինության նախարարությունը վերացումը քաղաքաշինության վրա:
Միաժամանակ նա հավելեց, որ ստեղծվելիք մարմինը պետք է զբաղվի նույն բանով, ինչ նախարարությունը. «Նույն գործառույթները, գործողությունները պետք է անեն, այլ տարբերակ չունեն»:
Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի խոսքով՝ քաղաքաշինությունը միայն ճարտարապետություն չէ, ամբողջ երկրի զարգացումն է: Ըստ նրա, կառավարությունը նման որոշում է ընդունել՝ նայած առաջնային ինչ խնդիր է դրել:
«Համենայն դեպս, եթե տարածքների կառավարման մասին ենք խոսում, քաղաքաշինությունն է տարածքները կառավարում: Քաղաքաշինությունը շատ ծավալուն աշխատանք է, միայն շենք դնել, քանդել, մի հատ թույլտվություն տալ, մի հատ նախագիծ անել չէ՝ մի ամբողջ գործընթաց է, որը կախված է երկրի տարածքների զարգացման, քաղաքների զարգացման, հեռանկարի, արդյունաբերության, ենթակառուցվածքների հետ»,- ասաց նա:
Վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի գնահատմամբ՝ լավ կլիներ, որ մնար, բայց երևի կառավարությունը նպատակահարմար է գտել վերածել կոմիտեի:
«Իհարկե, լավ կլիներ որպես նախարարությունը մնար, բայց երևի հաշվի են առել, որ շինարարության ծավալներն են քչացել: Այլ բան չկա, միշտ էլ ամեն տեղ քաղաքաշինության նախարարությունն իր դերն ունենում է, շինարարությունը, ճարտարապետությունը երկրի տնտեսության զարգացման մեջ մեծ դերակատարում ունեն»,- հավելեց նա:
Քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Արզումանյանն ասաց, որ որոշ նախարարություններ հետագայում կոմիտեների վերածելու տենդենց է նկատում:
«Կարևորն անունը չէ, գործունեությունն է: Աշխատում են նախարարությունների թիվը կրճատել: Հարմար գտան առաջինը կրճատել քաղաքաշինության նախարարությունը: Ընդհանրապես, շինարարությունն այսօր կատարում են մասնավոր ընկերությունները, նախարարության անելիքը երկրում մի քիչ պակասել է:
Գտնում եմ, որ մշակույթի նախարարությունն էլ վաղը, մյուս օրը կարող է դառնալ կառավարությանն առընթեր վարչություն: Գործառույթներն այդքան մեծ չեն, որ նախարարություն մնան: Ճիշտ է՝ ամեն պետության համար քաղաքական տեսակետից պատվավոր է ունենալ մշակույթի, քաղաքաշինության նախարարություններ, բայց այսօր Հայաստանն այդքան էլ հարուստ երկիր չէ, որ այդքան շատ նախարարություններ ունենա»,- ասաց Տ. Արզումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին