Վերջին տարիներին կտրուկ նվազել են ամուսնությունները, ավելացել ամուսնալուծությունները. Պատգամավոր
Այսօր Հայաստանը և հայ հասարակությունը կանգնած են ժողովրդագրական լուրջ մարտահրավերների առաջ, առաջին հերթին պետք է նշեմ բնակչության թվի շարունակական նվազումը,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը:
Հենվելով Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների վրա՝ պատգամավորը նշեց, որ տարեցտարի նվազում է մշտական բնակչության թվաքանակը:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում ժողովրդագրական խնդիրները միայն բնակչության թվի փոփոխությամբ չեն սահմանափակվում:
«Խաթարվել է ամուսնաընտանեկան արժեքների համակարգը, խարխլվել են ավանդական ընտանիքների հիմքերը: Վերջին տարիներին կտրուկ նվազել է ամուսնությունների թիվը, ավելացել են ամուսնալուծությունները: 2015-ին ամուսնությունների թիը 6,9 տոկոսվ պակաս է եղել 2014-ի համեմատ»,- ասաց Ի. Խաչատրյանը:
Ըստ նրա հայտարարության՝ ներկայումս Հայաստանում տիրող աղքատության, գործազրկության բարձր մակարդակի, վաղվա օրվա նկատմամբ հավատի բացակայության պայմաններում անխուսափելի է դարձել լայնամասշտաբ արտագաղթը, ինչն էլ վերջնականորեն խախտեց բնակչության սեռատարիքային համամասնությունը, բնակչությունը սկսել է արագորեն ծերանալ:
«Ծերացող երկիր դառնալն իր մեջ ապագայի նկատմամբ վտանգ է պարունակում: Կոչ ենք անում կառավարությանը մշակել ժողովրդագրական նոր քաղաքականություն, ինչը կկանխի ժողովրդագրական խնդիրների հետագա խորացումը և կստեղծի իրավիճակը շտկելու կայուն և իրական նախադրյալներ»,- ասաց Ի.Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին