Հայաստանը հնարավորություն ունի նոր նախադրյալներ ստեղծել ՄԻԵԴ և ազգային դատարանի յուրատեսակ երկխոսության համար
Ազգային ժողովում արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրեց «2013 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 16-րդ արձանագրություն վարվերացնելու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ վավերացման նպատակն է բարձրացնել Մարդու իրավուքների եվրոպական դատարանի և ազգային իշխանությունների միջև փոխգործակցության մակարդակը՝ ընդլայնելով կոնվենցիայի շրջանակներում կիրառվող սուբսիդիառության սկզբունքը:
«Արձանագրությունը նախատեսում է, որ մասնակցող պետությունների բարձրագույն դատական ատյանները կարող են դիմել ՄԻԵԴ՝ կոնվենցիաների սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանմանը, կիրառմանը վերաբերող սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն, կարծիք ստանալու համար»,- ասաց փոխնախարարը:
Վ. Քոչարյանը նշեց, որ արձանագրությունը հատուկ սահմանում է, որ տվյալ եզրակացությունը պարտադիր չէ այդ հարցումով դիմած դատական ատյանի համար, ազգային դատարանն ինքն է որոշում՝ ինչպես պետք է օգտագործվի, կիրառվի տվյալ եզրակացությունը այն կոնկրետ գործի շրջանակներում, որը գտնվում է տվյալ դատական ատյանի վարույթում:
Փոխնախարարը հավելեց, որ պետք է հաշվի առնել, որ բոլոր խորհրդատավական եզրակացությունները, որոնք ընդունում է եվրոպական դատարանը, կազմելու են ՄԻԵԴ պրակտիկայի բաղկացուցիչ մաս և համապատասխանաբար նաև հարստացնելու են դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքը:
«Վավերացնելով այս արձանագրությունը՝ մենք նոր նախադրյալներ կստեղծենք ՄԻԵԴ և ազգային դատարանի յուրատեսակ երկխոսության համար, հնարավորություն կստեղծենք, որպեսզի համապատասխան գործերը հանգուցալուծվեն հենց ազգային մակարդակով, դրանով իսկ թեթևացնելով այն ահռելի ծանրաբեռնվածությունը, որն ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Այս փոփոխությունը դրական ազդեցություն կթողնի մեր երկրում իրավակիրառ պրակտիկայի համար»,- ասաց Վ.Քոչարյանը:
Նա նաև նշեց, որ բավականին լուրջ ազդակ կհանդիսանա այն դատաիրավական բարեփոխումների համար, որոնց անհրաժեշտությունը Հայաստանը միշտ զգում է, կողմնորոշիչ նշանակություն կունենան իրավական բարեփոխումների համար:
«Համապատասխան հնարավորությունների ընձեռումը մեր դատական համակարգի համար միայն դրական կարող ենք գնահատել, իսկ այն, թե ինչքանով, ինչքան հաճախ, ինչ ձևերով դա կօգտագործվի, ապագա փորձը ցույց կտա»,- ասաց Վիգեն Քոչարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին