Պարոն վարչապետ, այս խորհրդարանում ես ամենաշատը գազի մասին եմ հարցրել. Արամ Մանուկյանի հարցը՝ վարչապետին
«Պարոն վարչապետ, այս խորհրդարանում ես ամենաշատը գազի մասին եմ հարցրել՝ երեք վարչապետ եմ փոխել, չորս նախարար: Վստահ եմ՝ հաջորդ խորհրդարանում էլ եմ լինելու և էլի այս հարցը հետևողական շարունակելու եմ: Ինձ համար սա խիստ սկզբունքային է»,- այս մասին այսօր խոհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Արամ Մանուկյանը հիշեցրեց վարչապետի հիմնավորումները՝ կապված գազի սակագնի նվազման հետ: «Բերեցիք երկու հիմնավորում, որից մեկը վերաբերում էր գազի սպառման ավելացմանը, մյուսը՝ Վրաստանի տարածքով տրանզիտի գնի իջեցմանը: Սակայն 2015թ-ին Ռուսաստանից Հայաստանը ստացել է 2 մլրդ խմ գազ, 2016 թ-ին՝ 1,8 մլրդ խմ գազ: Սպառումը 2015թ-ի համեմատ նվազել է 6,8%-ով»,- ասաց պատգամավորը:
Պատասխանելով հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ գազի սակագնի նվազման համար չորս գործոն էր նշվում:
«Ծավալների բարձրացման մասին խոսել ենք՝ որպես սակագնի նվազման հետևանք: Չորս գործոնները հետևյալն են՝ տրանզիտի հնարավոր զիջում, վարկի սպասարկման տոկոսների նվազեցում 2017-ին, սեփական ծախսերի նվազեցում: Չորրորդն այն է, որ Գազպրոմը՝ մայր ընկերությունը պատրաստ էր ինքը սուբսիդավորել այն տարբերությունը, որը տարվա կտրվածքով կլինի», - նշեց վարչապետը:
Արամ Մանուկյանն արձանագրեց, որ ամենակարևոր գործոնն այն է, որ սպառողի քանակն է պակասում, ոչ թե սպառման ծավալն է նվազում, և դա միջինը կազմում է 3-4 տոկոս:
«Քանի որ Գազպրոմն իսկապես ծանր վիճակում է, իսկ ձրի պանիրը միայն թակարդում է լինելու, ինչ-որ բան ուզելո՞ւ է դրա դիմաց: Մենք պատրաստ ենք դիմակայելու դրան, վստա՞հ ենք, որ նույն բանը չի կանգնի մեր դռանը»,- հարցրեց պատգամավորը:
«Վստահ եմ, որ նույն բանը, ոնց որ դուք եք ձևակերպում, մեր դռան առջև չի կանգնելու»,- արձագանքեց վարչապետը:
Կարեն Կարապետյանը նշեց նաև, որ կարող է «Գազպրոմ Արմենիա« ընկերությանը խնդրել, որ պատգամավորը իրեն հարմար ժամին գնա և ստանա իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
Ինչ վերաբերում է գազ սպառողների թվի նվազման հարցին, վարչապետը դրան չանդրադարձավ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին