Արարատ Զուրաբյան. Գիտենք, ինչով է հղի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը նախաստորագրվեց օրեր առաջ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչաիտրյանը դժվարանում է գնահատել, քանի որ համաձայնագրի դրույթները գաղտնի են պահվում:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև» թեմայով քննարկման ժամանակ կուսակցության ներկայացուցիչն ընդգծեց, այդպես գաղտնի էին պահվում նաև ասոցացման համաձայնագրի դրույթները:
«Եթե դրանք իրականում տեղեկացվեին հանրությանը, հանրությունն ավելի ճիշտ կարձագանքեր ԵԱՏՄ անդամակցությանը, պայքարն էլ այլ կլիներ: Հիմա էլ որևէ բան չի հրապարակվում, տեղյակ չենք՝ ինչի մասին է խոսքը»,-ասաց նա:
Հաշվի առնելով ասոցացման համաձայնագրի դառը փորձը Անժելա Խաչատրյանն ասաց, վստահ չէ, որ նոր համաձայնագիրը կստորագրվի:
«Նախաստորագրումը դեռևս հույս չի ներշնչում»,-ասաց կուսակցության փոխնախագահը:
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեմ է ԵԱՏՄ անդամակցությանը, իշխանության գալու դեպքում խոստանում են անմիջապես դուրս գալ միությունից:
«Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը հայտնեց, անկախ այն բանից, որ բազմավեկտոր արտաքին քաղաքականության կողմնակից «Ծառուկյան» դաշինքի ցուցակում է, անձամբ կողմնակից է ԵՄ ասոցացմանը, այն համարում է Հայաստանի լավ ապագայի սկզբնաքարը:
«Շատ լավ գիտակցում եմ այն բոլոր վտանգները, որ առկա են այստեղ: Պատահական չէ, որ մինչև սեպտեմբերի 3-ը Հայաստանի իշխանությունները բանակցել էին և հասցրել էին կարելի է ասել վերջնակետին, ինչ-որ մի պահ վարանեցին ու հետ կանգնեցին: Այդ ժամանակ ես էլ այլոց պես քննադատում էի իշխանություններին»,-ասաց Զուրաբյանը:
Զուրաբյանի խոսքով, եթե անկեղծ լինենք, ապա Հայաստանը գտնվում է յուրահատուկ վիճակում:
«Եթե նույնսիկ Ուկրաինայի նման հզոր պետությունը փորձ կատարեց գնալ ասոցացման, և մենք բոլորս ականատես եղանք, թե ինչ ճակատագրի արժանացավ, ապա փխրուն Հայաստանի համար դա կարող էր լինել նաև կործանարար: Այսինքն, մեր ցանկությունները, տեսլականը և մեր համար ցանկալի զարգացումը պետք է համեմել այն հնարավորություններվ ու կորուստներով, որ Հայաստանը կարող է ունենալ»,-ասաց Զուրաբյանը, ողջունելի համարելով համաձայնագրի նախաստորագրումը, ԵՄ-ում մոտեցումների փոփոխությունը:
Նա հիշեցրեց, որ մինչ այս ԵՄ-ում ասում էին՝ կամ-կամ, իսկ Հայաստանի իշխանությունները և-և-ի կողմնակից էին:
«Հայական կողմը հավանաբար տեսնում էր հնարավոր վտանգները: Մենք տեսնում ենք ռուսական խանդը տարածաշրջանի երկրների նկատմամբ, գիտենք, ինչով է հղի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելը, գիտենք, թե ինչ գին կարելի է դրա համար վճարել: Եվ այն, որ այսօր նախաստորագրվում է այդ համաձայնագիրը խոսում է այն մասին, որ Հայաստանին հնարավորություն է տրված Եվրոպայի հետ զարգացնել հարաբերությունները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Եվրոպայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ապա Զուրաբյանը նշեց, այն օրը երբ Հայաստանի Երազ գործարանը կարտադրի «Մերսեդես», այն եվրոպական շուկայում իր տեղը կգտնի, որևէ խոչընդոտ չի լինի:
«Շատ բան կախված է մեր տնտեսության զարգացումից, համամարդկային ստանդարտների ընդունումից»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Եթե իշխանությունը կարողանում է PR քայլ անել` ներառելով ողջ ԵՄ-ն, պետք է շնորհավորել այդ իշխանությունը. Բեքարյան
- Մայքլ Քեմբեք. Սա համաձայնագիր է, որտեղ կորցնող կողմ չկա
- Նախաստորագրվել է Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
- Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ԵՄ բանակցությունների ավարտը.հայտարարություն
- ՀՀ-ԵՄ բանակցված փաստաթուղթն առհավատչյան է ՀՀ իշխանությունների քաղաքական հստակ կամքի. Ս. Ֆարմանյան
- ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացը 2017 թ. կմտնի ավարտական փուլ. Կ. Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ