Հայանիստում ձկնաբուծարանների ջուրը կրկնօգտագործում են ոռոգման նպատակով
Այսօր Արարտի մարզի Հայանիստ գյուղում նշվեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ուժերով իրականացվող ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ավարտը։
Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը։
Ինչպես վերջինս նշեց լրագրողների հետ զրույցում, ծրագիրը հնարավորություն է ընձեռում «Սամվել Լաբլաջյան» ԱՁ ձկնաբուծարանի ջուրը կրկնօգտագործել՝ ոռոգման նպատակով։
«Եթե ջուր չկա, չկա կյանք։ Մենք ուզում ենք հոգ տանել ջրի, շրջակա միջավայրի մասին։ Մենք տեսնում ենք, որ Հայանիստ համայնքում ոռոգման խնդիր կա։ Հուսով ենք, որ այս պիլոտային ծրագիրը կընդարձակվի և կկիրառվի այլ համայնքներում ևս»,- ասաց նա։
Արարատի մարզպետ Արամայի Գրիգորյանը իր հերթին նկատեց, որ ծրագիրը կարևոր խնդիր է լուծում, այն է՝ համայնքում վերականգնում է ջրային ռեսուրսները։
«Եթե մենք կարողանանք ջրի խնայողություն կատարել, կկարողանանք վերականգնել տարիների բացը։ Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց կվերականգնենք կորցրած ջրային ռեսուրսները»,- հույս հայտնեց նա։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ նշեց, որ ձկնաբուծարանների ջրի՝ ոռոգման նպատակով կրկնօգտագործման ծրագիրը Հայաստան-ԱՄՆ 25-ամյա սերտ համագործակցության ապացույցներից մեկն է։
«Սա երկարմայա գործընկերության միայն սկիզբն է։ Հայանիստի բնակիչները պետք է շատ հպարտ զգան իրենց, որովհետև նրանք առաջամարտիկներ են, սա առաջին համայնք է, որը մոտակա ձկնբուծական տնտեսության ջրային ռեսուրսներն օգտագործելու է ոռոգման նպատակով։ Այս ծրագրի շնորհիվ համայնքում անհրաժեշտություն չի լինի պոմպերի միջոցով լրացուցիչ արտեզյան ջուր դուրս բերել։ Ծրագիրը նաև հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի խնայողություն կատարել»,- նշեց դիվանագետը։
Ոռոգման նոր համակարգից իր գոհությունը հայտնեց նաև Հայանիստի բնակիչ Հակոբ Կոնտժարյանը, ով տեղեկացրեց, որ 8 տարի շարունակ չի կարողացել ոռոգել դեղձի և ծիրանի կես հեկտար տարածությամբ իր այգին, ծառերը ջրել է դույլերով բերած ջրով։ Այժմ ծրագրի շրջանակներում նրա այգին ոռոգվում է։ Գյուղացին հույս հայտնեց, որ ոռոգման խնդրի կարգավորումից հետո ինքը առատ բերք կունենա։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին