Կոշտ վարչական տուգանքներ՝ մեքենայից աղբ, փողոցում ծխախոտի մնացորդ կամ տուփ նետելու համար
«Ցավում եմ, որ նախկինում չենք ձևավորել այն մշակույթը, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա՝ մեքենայից դատարկ շիշ չի կարելի նետել, Սևան-Երևան մայրուղու կամ Ապարան գնացող ճանապարհին գնում անելուց հետո չի կարելի այդ տոպրակը նետել»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նրա խոսքերով՝ ամեն շաբաթ մաքրում են այդ տարածքները, բայց նորից աղբ է հայտնվում: «Սա գալիս է նրանից, որ մենք դաստիարակության նորմեր չենք ձևավորել դպրոցից, ընտանիքից, իհարկե սա բոլորին չի վերաբերում: Մեր թիվ մեկ խնդիրը լինելու է այն՝ ինչպես մտցնել այս մշակույթը, որ բնությունը պահեն, ոչ թե աղտոտեն»,- ընդգծեց նա:
Դիտարկմանը՝ գուցե աղբամաններն են քիչ, Դավիթ Լոքյանը նշեց, որ դա արդարացում չէ: «Իհարկե աղբամանների մեծ կարիք ունենք երկրում, ու հաջորդ տարի գնելու ենք մոտ 10 հազար աղբաման, որոնք կտեղադրվեն զբոսաշրջային վայրերում»,-ասաց Դավթի Լոքյանը:
Ինչ վերաբերում է «Մաքուր Հայաստան» ծրագրով նախատեսված միջոցառումներին՝ նախարարը հայտնեց, որ հոլովակներ են պատրաստելու, գլխարկներ, բաժակներ են պատրաստելու, սակայնայդ ամենը կարվի ոչ թե պետական միջոցների, այլ մասնավորի հաշվին:
Խոսելով աղբը թափելու համար նախատեսված տուգանքից, Դավիթ Լոքյանն ասաց, որ տուգանք սահմանելու վերաբերյալ օրենքն արդեն ՀՀ արդարադատության նախարարությունում է: «Օրենքով բավականին կոշտ վարչական պատիժներ է սահմանվում մեքենայից աղբ նետելու, փողոցում ծխախոտի մնացորդ կամ տուփ նետելու համար: Նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար տուգանքը հասնում է մինչև 200-300 հազար դրամի»,-հայտնեց Դավիթ Լոքյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առավելագույնս կնվազեցվի աղբանոցների ու աղբավայրերի թիվը
- «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար պետք է կոշտ վերահսկողության տակ լինի. Վարչապետ
- Մեկնարկում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին