Այսօրվանից մինչև տարեվերջ Երկրագնդի բնակչությունն ապրելու է «ապառիկով»
Այսօր, որպեսզի բավարարվեն մարդկության պահանջմունքները, անհրաժեշտ է առնվազն մեկուկես Երկրագունդ: 2030 թվականին արդեն պետք կգա երկու մոլորակ, իսկ 2050-ին՝ 3: meteoprog.ua—ի հաղորդմամբ, գիտնականները հաշվարկել են երկրի վերականգնվող պաշարների տարեկան նորման, որը թուլ կտար մոլորակին վերականգնվել: 2017 թվականին այդ ամսաթիվը օգոստոսի 2-ն է: Հենց այսօր բնակչությունն ամբողջովին կծախսի Երկրագնդի պաշարների տարեկան թույլատրելի նորման:
Հետազոտողները նշում են, որ տարեցտարի մարդկությունն ավելի ակտիվ է օգտագործում մոլորակի պաշարները: Եթե նախկինում դրանք սպառվում էին տարեվերջին, ապա 2000-ական թվականներին ժամկետը մոտեցավ ձմռան սկզբին, հիմա արդեն՝ ամռանը: Այսինքն, բնակչությունն ավելի շատ բույսեր, ձուկ, կենդանիներ, սննդամթերք ու փայտանյութ է սպառում, քան Երկիրը կարող է ինքնուրույն վերականգնել:
Բնապահպանները ձգտում են պաշարների ոչնչացման վրա հրավիրել ոչ միայն հասարակության, այլ իրավիճակը փոխելու ուժ ունեցող կառավարությունների ուշադրությունը: Սակայն առանց բնակչության կողմից պաշարների խելամիտ օգտագործման ցանկացած նախաձեռնություն դատապարտված է: Խնդրի կարգավորման ամենաարագ միջոցը ջերմոցային գազերի արտանետումների կրճատումն է:
Բնապահպան Քրիս Քիրշն ասել է. «Մեր մոլորակը ոչ պահեստ է, ոչ էլ խանութ, սակայն անգամ դրանք կարող են դատարկվել: Մինչև 2018 թվական «ապրանք» չի ներկրվելու, և Երկրի բնակչությունն ապրելու է ապառիկով, որը չի կարողանալու վերադարձնել»: