Ն. Զոհրաբյան. «Գուցե նպատակը 300 մլն դոլար պարտքը սպիսատ անելն է»
«Խնդիրը շատ պարզ է. չորս քաղաքական ուժեր ուզում են ստանալ շատ հստակ հարցերի շատ հստակ պատասխաններ, թե ինչու մի քանի տարի շարունակ այս ամբիոնից Էներգետիկայի նախարարը և վարչապետը հայտարարում էին, թե գազի գնի փոփոխություն չի լինելու, մինչդեռ տեսանք, թե ինչ եղավ»,- ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ արտահայտելով խմբակցության դիրքորոշումը գազի գնի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ:
Պատգամավորը հայտարարեց, որ հանձնաժողովը հիմնականում երեք հարցի պատասխաններ պետք է տա՝ ինչպե՞ս է պատահում, որ սահմանից 660 հազար սպառողի գազը հասնում է ահավոր թանկ գնով՝ այնպիսի թանկ, որ քաղաքացին չի կարող դրա դիմաց վճարել: Նաև՝ ինչո՞ւ կնքվեց գազի պայմանագիրը, որը մինչև 2018թ պահպանելու է գազի գնի որոշակի ստատուս-քվո և զրկելու է մեր երկիրը այլընտրանքային էներգետիկ ուղիներից օգտվելուց: Ու նաև՝ ինչո՞ւ էին խաբում, թաքցնում գազի գնի բարձրացման ու պարտքի գոյացման մասին:
«Ինչն է խանգարում համաձայնել խորհրդարանական մեծամասնությանը ստեղծել հանձնաժողով և ստանալ այս երեք հարցերի պատասխանները: Կրկնում եմ՝ տարիներ շարունակ մեզ համոզել են այս ամբիոնից, թե գազի գին չի բարձրացել, մինչդեռ հիմա տեղեկանում ենք, որ գազի գինը բարձրացել է 2011թ-ին, իսկ մենք տարեց-տարի կուտակում էինք այս ահռելի պարտքը: Գուցե թաքցնում էիք, որովհետև առջևում ընտրություններ էին, այսինքն՝ կար քաղաքական էլեմենտ: Ուրեմն պետք է հստակ պատասխանել այս հարցերին»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:
Նա նաև ընդգծեց. «Եթե մեծամասնությունը չի համաձայնում հանձնաժողով ստեղծել, գուցե նպատակն ուղղակի 300 մլն դոլար պարտքը սպիսատ անելն է. Ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել, այլապես վաղը շատ ուշ է լինելու»:
Նշենք, որ ընդդիմության ելութներից հետո ՀՀԿ խմբակցության դիրքորոշումն արտահայտեց խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը՝ նշելով, որ իրենք դեմ են քվեարկելու գազի գնի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: Ավելի վաղ նույն դիրքորոշմամբ հանդես էր եկել նաև ՕԵԿ-ը: