ՕԵԿ-ի քաղաքական և բարոյական «դիլեման»
ՕԵԿ քաղխորհուրդի կողմից կայացրած որոշումն այլևս իշխող կոալիցիային մաս չկազմելու վերաբերյալ հետաքրիր, անսպասելի, ինչպես նաև տարատեսակ մեկնաբանություններ անելու առիթ ստեղծեցին, իսկ իրական քաղաքական գործընթացում արդեն որոշակի քաղաքական դասավորվածության տրանսֆորմացիայի տեղիք տվեց` նոր կառավարության ձևավորման առումով: Թե ինչպիսին կլինի նոր կառավարությունը ներկայացուցչական տեսանկյունից, արդեն պարզ է, որ այն լինելու է բացառապես Հանրապետական կուսակցության ներկայացվածությամբ, կամ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով` նոր կառավարությունը ՀՀԿ-ն կձևավորի «ժողովրդի հետ»:
Ինչո՞ւ ՀՀԿ-ն և «ժողովուրդը», որովհետև ոչ իշխանական 4 ուժերից ամենահավանական երկուսը`ԲՀԿ-ն և Դաշնակցությունը պաշտոնապես հրաժարվեցին մաս կազմել կոալիցիային: Իսկ ՕԵԿ-ն էլ որոշեց, որ քաղաքական կոալիցիային հետագա անդամակցության հարցը համարում է խնդրահարույց և ոչ նպատակահարմար:
«ՕԵԿ-ը փաստում է, որ վերջին 6 տարիներին եղել է ՀՀ Նախագահի և ՀՀԿ-ի հուսալի գործընկերը բազմաթիվ դժվարին իրավիճակներում, փորձել է առավելագույնս ներգրավված լինել բարեփոխումների բարդ օրակարգի մեջ՝ մշտապես ցուցաբերելով սկզբունքային և շիտակ դիրքորոշում: Նույնը վերաբերում է նաև 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, երբ ՕԵԿ-ը վեր կանգնելով նեղ կուսակցական շահերից, իր վարկանիշի էական նվազման հաշվին թույլ չտվեց, որ երկրում մոլեգնի քաղաքացիական պատերազմը կամ երկիրը կանգնի արտաքին ագրեսիայի վտանգի առջև»,- ասված է հայտարարության մեջ, փաստորեն ՕԵԿ-ի «ներքաղաքական կոմպլեմենտարիզմը» հակառակ էֆֆեկտ ունեցավ:
Եվ ուրեմն, ինչո՞ւ նորից կրկնվեց ՕԵԿ-ի «հրաժարելով-հրաժարիմքը»:
ՕԵԿ-ի քաղաքական կենսագրության մեջ իշխող կոալիցիայից հրաժարվելու մասին որոշում կայացնելու դեպք եղել էր 2006-ին, երբ Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահ էր, իսկ ՕԵԿ-ը ներկայացված էր գործադիր և օրենսդիր իշխանություններում: Միայն մի տարբերությամբ, որ 2003-2006 թվականներին ՕԵԿ-ի ներկայացվածությունը իշխանության մեջ ավելին էր քան այժմ` խորհրդարանում 20 պատգամավոր, իսկ կառավարությունում` 4 նախարար, չհաշված` մարզպետերը: 2006-ին ՕԵԿ-ի` իշխանությունից հրաժարվելու որոշումից հետո բոլորն ականատես եղան կուսակցական արտագաղթի երևույթի, ՕԵԿ-ը լքում էին թե պատգամավորներ, թեգործարարներ, և թե կառավարության ներկայացուցիչներ:
Նմանատիպ երևույթ տեղի ունեցավ նաև այսօր, որոշումը հրապարակելուց հետո, ՕԵԿ-ի առաջադրած նախարարները հրաժարվեցին կուսակցությունից:
Արդյո՞ք ՕԵԿ-ը ինքնանպատակ հարթակ է իշխանությունում ընդգրկված լինելու ամբիցիաները բավարարելու համար: Իսկ եթե ընդհանուրի մեջ դիտարկենք, ապա քաղաքական շահերի բախման տիրույթում ՕԵԿ-ի քաղաքական կշիռը թվացյալ է այնքանով, որքանով իշխանությունից հրաժարվելը ուղիղ համեմատական է կուսակցությունից հրաժարվելուն: Ուստի ՕԵԿ-ի դիրքը ռեալ քաղաքական խաղի մեջ «սպիտակ խալաթի» էֆֆեկտ է առաջացնում: Իսկ սպիտակ խալաթը միշտ չէ որ բժշկի պատկերացում է ենթադրում:
Ի դեպ, Կոալիցիայից հրաժարվելու փորձ ունեն և ՀՅԴ-ն, և ԲՀԿ-ն, սակայն ընդգծված կուսակցական արտագաղթ այս ուժերի մոտ նկատելի չէ: Թե ինչպիսի ուղի կընտրի ՕԵԿ-ը հայտնի կդառնա ապրիլի 25-ին, որից հետո պարզ կլինի ընդդիմադիր դաշտի ընդունելությունը հանրության կողմից որպես ընդդիմադիր ընկալումն ու հետագա քայլերը:
Չի բացառվում, որ ՕԵԿ-ը հայտարարի նաև առաջիկա արտահերթ համագումարի մասին:
Վահագն Սարոյան, վերլուծաբան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին