Պենտագոնն այլևս չի կարողանում դիմակայել չինացի ցանցահեններին
Պենտագոնի ենթակայության ներքո գտնվող տեղակատվական անվտանգության համակարգերը այլևս չեն կարողանում դիմակայել չինացի ցանցահենների հարձակումներին: «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նման սենսացիոն հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարության ծովակալ Սեմուել Լոկլիրը:
Վերջինիս խոսքերով` չինացի ցանցահենները շարունակում են գողանալ ամերիկյան ռազմական գաղտնիքները՝ չնայած ամերիկյան կողմը մի քանի անգամ իր բողոքն է արտահայտել այս հարցի կապակցությամբ:
Ծովակալի խոսքերով՝ տվյալների արտահոսքի հիմնական պատճառը համակարգչային համակարգի խոցելիությունն է:
Չնայած այն հանգամանքին, որ ծովակալը գաղտնի տեղեկություններ գողանալու կոնկրետ փաստեր և օրինակներ չի հրապարակել` արդեն իսկ հայտնի է, որ ցանցահենները գողացել են «F/A-18» և «F-35՞ կործանիչների, ինչպես նաև «Black Hawk» ուղղաթիռի և «Aeigs» հակահրթիռային համակարգերի նախագծային տվյալները:
Հատկանշական է, որ պաշտոնական Պեկին իր հերթին ցանցահենության մեջ մեղադրում է Ամերիկյան կողմին: