Պ. Հայրիկյանը Ծիծեռնակաբերդ էր բարձրացել եռագույն և Եվրամիության դրոշներով (Տեսանյութ)
«Պետականության ստեղծումից հետո մեր մեծագույն խնդիրը Ցեղասպանության հետևանքների վերացումն է»: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Մի քանի տարի առաջ ինձ հաջողվեց այս գաղափարը կիրառելի դարձնել նաև մեր իշխանությունների կողմից: Բոլոր առիթներով մենք պետք է հիշեցնենք, որ Ցեղասպանության հետևանքով միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքների 80 տոկոսը բռնագրավված է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Էլի եմ ասում՝ խոսքը միջազգայնորեն ճանաչված տարածքների մասին է»,- ասաց Պ. Հայրիկյանը:
Նա նաև ընդգծեց, որ Ցեղասպանության մասին խոսելիս պետք է պարտադիր խոսել նաև Ցեղասպան հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
«Ցեղասպանություն որպես կանոն իրականացնում են բռնատիրական իշխանությունները: Դրանք լինում են նաև կայսրություններ: Սա ռուս-թուրքական դավադրության հետևանք էր»,-ասաց Պ. Հայրիկյանը:
Նշենք, որ Պ. Հայրիկյանը Ծիծեռնակաբերդ էր բարձրացել եռագույն և Եվրամիության դրոշներով:
Հարցին՝ ինչո՞ւ է եռագույնի հետ Ծիծեռնակաբերդ բերել նաև Եվրամիության դրոշը, Պ. Հայրիկյան պատասխանեց. «Եթե նկատեցիք՝ ԵՄ-ն դրոշների վրա սև լենտեր կան և ԵՄ-ն այսօր մեծագույն կառույցն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա: