Լիոնում բացվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը
Հուլիսի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը կատարել են Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայանքային կազմակերպությունների ղեկավարներ, լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը՝ ընգծելով, որ Լիոնը և Ռոն-Ալպի տարածաշրջանը կարևոր դերակատարություն ունեն հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և բազմաբովանդակ համագործակցության զարգացման գործում։
«Լիոնում հայերի ներկայության մասին առաջին հիշատակումները գալիս են դեռ միջնադարից. սկզբում` վաճառականները, այնուհետև մետաքս արտադրող հայերը հաստատվել և արարել են այս տարածաշրջանում»,- ասել է նախարարը։
Գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը, որոնք բարձր են գնահատել Լիոնում գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր որակ և թափ կհաղորդի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը՝ Լիոնի և Ռոն-Ալպի այլ բնակավայրերի և նրանց հայաստանյան գործընկեր քաղաքների միջև կապերի առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։
Ելույթներից հետո Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո գլխավոր հյուպատոսության շենքի առջև բարձրացվել է ՀՀ պետական դրոշը, այնուհետև Էդվարդ Նալբանդյանը, Շառլ Ազնավուրը, Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Ժերար Կոլոմբը, Դանիել Շուզեվիլը և Նիկոլայ Սարկիսովը կտրել են խորհրդանշական կարմիր ժապավենը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին