Թոմաս դե Վաալ. Հիմնականում Ադրբեջանի կողմից եկող ռազմական հռետորիկան է շատ վատ ազդում
Լույս է տեսել ամերիկացի փորձագետ, «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալի «Սև այգի. Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջև» գրքի ռուսերեն հրատարակությունը:
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր, Մեդիա կենտրոնում քննարկման ժամանակ ասաց, որ այս հրատարակությունը տարբերվում է նախորդներից, քանի որ այստեղ կա ավելի շատ իրատեսություն ու ավելի քիչ լավատեսություն, ինչը համապատասխանում է Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ստեղծված ներկա իրավիճակին:
Սահմանային վերջին իրադարփությունների մասին խոսելով, մեկնաբան Մարկ Գրիգորյանն ասաց, որ գիրքը քննարկումներում էմոցիոնալություն է առաջացնում, մյուս կողմից վերջին հուլիս-օգոստոսյան լարումները եղան, որոնք, նրա խոսքով, ամենասուրն ու լարվածն էին հրադադարի ռեժիմի վերջին 20 տարիների ընթացքում:
Անդրադառնալով ներկա իրավիճակին, Թոմաս դե Վաալը կարծիք հայտնեց, որ ԼՂ հարցում ամեն ինչ փոխվում է, բայց ամեն ինչ նույն կերպ է շարունակվում:
«Շատ բան է փոխվել այս տարիներին, բայց այս կոնֆլիկտում գլխավոր չի փոխվել, իսկ շմփան գծում այն իրավիճակն է, ինչ 20 տարի առաջ: Ադրբեջանի ու Հայաստանի հետաքրքրություններից է բխում այս կոնֆլիկտի լուծումը, սակայն նախադրյալներ դեռ չկան»,- ասաց նա և հավելեց, որ նախագահների մակարդակով հանդիպումներ եղան, սպասվում են նաև եռանախագահների հետ հանդիպում Նյուր Յորքում, ինչպես նաև Փարիզում՝ հոկտեմբերին, բայց դրանք ֆորմալ քայլեր են:
Թոմաս դե Վաալը կարծում է, որ ավելի լայն գործընթաց է հարկավոր, որտեղ ավելի մեծ թվով մարդիկ ներառված կլինեն. «Ստեփանակերտում, Բաքվում և Երևանում ընդամենը մի քանի մարդ կա, որ պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է հարցով: Իմաստ ունի, որ նախագահները նշանակեն Ղարաբաղի հարցով հատուկ խորհրդատուներ, ովքեր պարբերաբար կհանդիպեն: Պետք չէ հույսը դնել եռանախագահների երկու ամիսը մեկ այցերի վրա: Ես դեռ չեմ տեսնում առիթներ, որպեսզի այդ բանակցությունների ոչ այնքան արդյունավետ ֆորմատը փոխվի»:
Փորձագետի խոսքով, շփման գծում իրավիճակը շատ տխուր է, զոհվում են երիտասարդներ, ովքեր ծնվել են հրադադարի ռեժիմի կնքումից հետո և իրենց ողջ կյանքն անցկացրել են այս կոնֆլիտկի առկայության պարագայում:
«Այդ երկու շաբաթների ընթացքում զոհվել են ավելի շատ մարդիկ, քան ողջ 2013-ի ընթացքում: Ես տեսնում եմ ուկրաինական ճգնաժամի վատ հետևանքները: Կոնֆլիկտը չի լուծվում, նոր կոնֆլիկտներ են առաջանում, որը վատ հետևանքներ է թողնում»,- ասաց նա:
Դե Վաալի խոսքով, հիմնականում Ադրբեջանի կողմից եկող ռազմական հռետորիկան է շատ վատ ազդում:
«Հիմնական հույսն այն է, որ երկրներին հիշեցնենք, պատերազմը խաղ չէ, մարդիկ զոհվում են: Ողջ ողբերգությունն այն է, որ բոլորը հասկանում են, որ հրաշալի կլինի, եթե կոնֆլիկտը լուծվի, դա տարածաշրջանի համար անհրաժեշտություն է, Ադրբեջանն ու Հայաստանն էլ դրա պատճառով հետ են մնում ողջ աշխարհից: Սակայն չկան այն նախադրյալները, որ շտապ տեղի ունենա լուծումը: Կողմերը նաև չեն զգում բավականաչափ արտաքին աջակցություն, որ նման համարձակ քայլ անեն: Հասարակությունը ևս պատրաստ չէ դրան գնալու: Այս պահին մենք տեսնում ենք միայն բացասական շարժ»,- ասաց փորձագետը: