Ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն. Է. Շարմազանով
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նախօրեին հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ փոխնախարար Մարտին Տլապայի և Չեխիայի խորհրդարանի սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Միրոսլավ Կրեյչայի հետ:
Ինչպես հաղորդում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմից` Է.Շարմազանովը հույս է հայտնել, որ հայկական պատվիրակության այցը Չեխիա լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների զարգացման և երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար: Նա նաև նշել է, որ Վիլնյուսում ընդունված Հայաստան-Եվրամիություն համատեղ հայտարարությամբ վերահաստատվել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը: Նրա համոզմամբ՝ ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն: Չեխական կողմն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում:
ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը՝ նկատելով, որ Չեխիան պաշտոնապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպես միջազգայնորեն ճանաչված բանակցային միակ ձևաչափ: Նաև ընդգծել, որ ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում:
Անդրադառնալով վերջերս Շոտլանդիայում անկախության հանրաքվեի անցկացմանը ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է, որ այն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դասական օրինակ է:
Նշվում է, որ ԱԺ փոխնախագահը Մարտին Տլապային և Միրոսլավ Կրեյչային հրավիրել է մասնակցելու ապրիլի 22-23-ը Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին