«Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը»
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր խորհրդարանում ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկիի գլխավորած պատվիրակությանը:
Գալուստ Սահակյանը նշել է, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից: ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, և Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու և խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացն` ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով և բխում է Հայաստանի շահերից: Խորհրդարանաի ղեկավարը հայտնել է նաև, որ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը տեղի է ունենալու Հայաստանում, անցկացվելու է ընդունված բոլոր չափանիշներին համապատասխան:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավով նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար ոչ միայ մերժում է միջազգային կազմակերպությունների նախաձեռնությունները, մասնավորապես շփման գծից դիպուկահարների հետքաշումը, պատահարների հետաքննման մեխանիզմների ստեղծումը, զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ջանքերը, այլ հակառակը` իր ռազմատենչ հայտարարություններով և գործողություններով խոչընդոտում է ցանկացած նախաձեռնություն:
«Խավիարային դիվանագիտությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը, կաշառակերության ստոր ճանապարհով այդ երկրի իշխանությունները փորձում են քաղաքակիրթ աշխարհում վերականգնել իրենց վարկաբեկված հեղինակությունը»,- մասնավորապես նշել է Գալուստ Սահակյանը:
ԵԽ փոխնախագահին 2015 թվականի ապրիլին հրավիրելով մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին՝ Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև Թուրքիայի մասին, մասնավորապես նշելով` «Մի երկիր, որը պատրաստ չէ առերեսվել իր սեփական անցյալի, իր պատմության հետ, ժողովրդավարությունն այնտեղ չի կարող արմատապես հաստատվել»:
Գալուստ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ 1987 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելու համար և հույս հայտնել, որ 100-ամյակի նախաշեմին Եվրախորհրդարանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ կամ բանաձևով:
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին շնորհակալություն է հայտնել բարձր ընդունելության համար: Նա նշել է, որ որպես փոխնախագահ՝ սա իր առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն և վստահեցրել է, որ այն կլինի շարունակական: Խորհրդարանի փոխնախագահը ցավով է նշել այն հանգամանքը, որ ի տարբերություն հայկական պատվիրակությանը՝ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթի նիստին: Ռիչարդ Չարնեցկին վստահեցրել է, որ ԵԽ-ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ մի շարք բնագավառներում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին