Ադրբեջանը թույլ չի տալիս ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնել. Նալբանդյան
Հայաստանը 2014թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ շարունակել է ջանքեր ուղղել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ: 2014 թ. դիվանագիտական տարվա ամփոփման ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նշեց, որ վերջին տարում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, հրադադարի ռեժիմի բազմաթիվ կոպտագույն խախտումները, անընդմեջ կրկնվող դիվերսիոն գորողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում, նոր թափ ստացան, որոնք Բաքվի ապակառուցողական կեցվածքի, բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրող հայտարարությունների, միջնորդների առաջարկությունների շարունակական մերժման հետ միասին թույլ չտվեցին առաջընթաց գրանցել ինչպես հիմնախնդրի կարգավորման հիմարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու, այնպես էլ վստահության ամրապնդման վերաբերյալ միջազգային հանրության կոչերն իրականություն դարձնելու գործում:
Է. Նալբանդյանը հիշեցրեց, որ 2014 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպում, որոնց հիմնական նպատակն է եղել նվազեցնել լարվածությունը, կանխել իրավիճակի հետագա սրումը, ստեղծել հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելու համար բարենպաստ պայմաններ:
«Սակայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, ուղղաթիռի անկման վայրը շուրջ տաս օր շարունակ կրակի տակ պահելը, միջազգային մարդասիրական իրավունքի խախտման Ադրբեջանի հանցավոր կեցվածքը զգալի լարվածություն առաջացրեց, ինչը համապատասխան արձագանք ստացավ միջազգային հանրության կողմից»,- ասաց նախարարը:
Է. Նալբանդյանը միաժամանակ հավելեց, որ Հայաստանի դիվանագիտությունը շարունակեց ջանքերն իրավիճակի հետագա սրումը կանխելու և միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի արկածախնդիր քաղաքականության վրա հրավիրելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին